Արցախից բռնի տեղահանվածները նոյեմբերից 1-ից պետք է ազատեն որոշ հյուրանոցներ. ինչպե՞ս է Կառավարությունը հոգալու նրանց կեցության հարցերը
Սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի ցեղասպանության վտանգի ներքո Արցախից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված արցախահայերը, որոնք բնակարան չունենալու հետևանքով տեղավորվել էին հյուրանոցներում, նոյեմբերի 1-ից հայտնվելու են դրսում։
Նրանք ահազանգեր են ստանում, որ հյուրանոցների տերերը զգուշացրել են, որպեսզի ազատեն զբաղեցրած սենյակները։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հյուրանոցներից մեկում 5 տասնյակից ավելի մարդիկ պետք է նոյեմբերի 1-ից դուրս գան, իսկ թե որտեղ են գնալու՝ անհայտ է։
Արդյոք ՀՀ կառավարությունը բռնի տեղահանված այս արցախցիներին այլընտրանք առաջակո՞ւմ է, հյուրանոցներից դուրս գալուց հետո որտե՞ղ պետք է նրանք ապրեն։
168.am-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն ասաց, որ այդ հարցերով զբաղվում է Տարածքային կառավարման նախարարությունը։
«Ես պարզապես մեր մասով կարող եմ ասել, որ մեր հայրենակիցների բնակության հարցերը լուծելու համար պետության կողմից իրականացվում է աջակցության ծրագիր, խոսքը 40+10 հազար աջակցության ծրագրի մասին է»,- նշեց Զառա Մանուչարյանը։
Նրանից նաև հետաքրքվեցինք, թե Արցախից բռնի տեղահանված թոշկառուներն ու նպաստառուներն ինչպե՞ս են ստանալու նպաստն ու թոշակը, շահառու դառնալու համար պետք է անպայման ՀՀ քաղաքացի՞ դառնան, Զ. Մանուչարյանը պատասխանեց, որ Կառավարության վերջին նիստում ժամանակավոր կարգավիճակի հետ կապված որոշում է ընդունվել։
«Ինչ վերաբերում է կենսաթոշակին, ապա նպաստների ու կենսաթոշակի հետ կապված հարցերը մեր կողմից քննարկման փուլում են»,- եզրափակեց Զառա Մանուչարյանը։
168.am-ի հետ զրույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարի խոսնակ Սոնա Հարությունյանն ասաց, որ նոյեմբերի 1-ից հյուրանոցներն ազատելու վերաբերյալ որոշում չկա իրենց կողմից, որոշումը կայացնում է տվյալ հյուրանոցի սեփականատերը։
«Ինչ վերաբերում է այդ հյուրանոցներում ժամանակավոր բնակվող արցախցիներին, բնականաբար, եթե իրենք տուն չգտնեն, բոլոր համայնքներում վարչական ղեկավարները գույքագրում են ազատ բնակարանները, տները և մեր հայրենակիցներին փորձում են այդ հասցեներում տեղավորել։ Նաև Կառավարության կողմից տրվող օժանդակության հաշվին արցախցիներն արդեն ըստ իրենց բյուջեի՝ գտնում են տներ և տեղափոխվում են։ Եթե իրենք ունեն օժանդակության կարիք, ապա տվյալ համայնքի ղեկավարը կամ վարչական ղեկավարն այդ հարցում օգնում են, որպեսզի գտնեն տներ։ Այսինքն՝ եթե այդ մարդիկ ցանկանում են մնալ տվյալ համայնքում, ապա համայնքապետը նրանց օգնում է գտնել տուն։
Նոյեմբերից սկսած Կառավարությունը 40+10 օժանդակությունը տալիս է այն անձանց, որոնք հյուրանոցներում չեն գտնվում։ Բնականաբար, արցախցիներին էլ է ձեռնտու օգտվել այդ օժանդակությունից»,- նշեց Սոնա Հարությունյանը։