Կդիմանա՞ արդյոք Թբիլիսին Հայաստան-Ադրբեջան գործընթացում միջնորդության համար աշխարհաքաղաքական պայքարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ երեկ Թբիլիսիում հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։

Մի քանի ժամ տևած հանդիպմանը քննարկված հարցերի վերաբերյալ վրացական կառավարությունը տարածած հաղորդագրությունում մանրամասներ չի հայտնել։ Սակայն, ինչպես հաղորդում է Грузия Online-ը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է որպես օբյեկտիվ և չեզոք միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ «Վրաստանը՝ որպես անկեղծ միջնորդ, Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ Վրաստանը և ես՝ որպես կառավարության ղեկավար, պատրաստ ենք մասնակցել այդ գործընթացին»,- նշել է Վրաստանի վարչապետը։

Փաշինյանի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ Վրաստանի մայրաքաղաքում պաշտոնական ճաշից հետո եղել է ոչ պաշտոնական շփում Փաշինյանի, Ասադովի և Ղարիբաշվիլիի միջև:

Թե ինչ հարցեր են շոշափվել այդ ոչ պաշտոնական շփումների ընթացքում, չի նշվել:

Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները երեկ Թբիլիսիում մասնակցել են «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փորձելով տապալել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների արևմտյան հարթակի աշխատանքները, իր համակրանքն էր հայտնել Մոսկվայի կամ Թբիլիսիի միջնորդությանը։ Իր հերթին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ ևս հայտնել էր բանակցային միջնորդի իր ծառայությունները կողմերին։

168am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան, նախկին դիվանագետ Իրակլի Մենաղարիշվիլին ուշադրություն հրավիրեց, որ երեք երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջև հանդիպումը կայացել է համաժողովի շրջանակում։ Ըստ նրա, դեռ վաղ է խոսել այն մասին, որ Թբիլիսին կդառնա միջնորդ կողմերի միջև։

«Հակված եմ կարծել, որ սա միջոցառման շրջանակում կազմակերպված հանդիպում էր, լավ առիթ էր Թբիլիսիի համար ռեգիոնում ինչ-որ դերակատարություն ստանձնել, օգնել կողմերին ինչ-որ հարցում, իսկ կողմերի համար հավելյալ շփվելու հնարավորություն էր չպարտադրող և ոչ պաշտոնական մթնոլորտում։ Չեմ կարծում նաև, որ խորացված ռեժիմով հարցեր են քննարկվել՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հանդիպման բոլոր մասնակիցները նույն աստիճանը չունեն կառավարման համակարգերի տարբերության պատճառով, և Ադրբեջանի դեպքում վարչապետն ավելի ցածր պաշտոն է։ Սա առավելապես վստահությունն ամրապնդող շփում է եղել կողմերի միջև։

Դրական կլիներ, որ այս նախաձեռնությունն ամրապնդվեր և վերածվեր լուրջ աշխատանքի Թբիլիսիի մասնակցությամբ, սակայն կարծում եմ՝ այս թեմայում դերակատարություն ստանձնելու համար աշխարհաքաղաքական մրցակցությունն այնքան թեժ է, որ թույլ չեն Վրաստանին ավելի ակտիվ գործել։

Վրաստանի դեպքում առանձնահատկությունն այն է, որ Վրաստանը Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերվում է հավասարը հավասարի հետ սկզբունքով, իսկ այլ միջնորդների՝ ԵՄ-ի, Վաշինգտոնի և Ռուսաստանի դեպքում իրավիճակն այլ է, քանի որ, ի վերջո, սրանք աշխարհաքաղաքական խաղացող երկրներ են, որոնք ավելի թելադրող դիրքեր ունեն։

Թբիլիսին նաև օրակարգ չի կարող թելադրել, Թբիլիսիի միջնորդության դեպքում կողմերի միջև ուժային և քաղաքական-դիվանագիտական հավասարակշռությունն է ի հայտ գալու, և այս տեսանկյունից թերևս պատահական չէ, որ հենց Ադրբեջանն է շահագրգիռ թողնել Արևմուտքը և բանակցել Վրաստանում։

Իսկ Երևանը նախընտրում է Բրյուսելը, սակայն Մոսկվայի և Թբիլիսիի շարքում, կարծում եմ, այս փուլում իր հավանությունը կտա Վրաստանին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Վրաստանն Արևմուտքի տրամաբանությամբ է ծավալելու իր միջնորդական ջանքերը։ Իսկ Վրաստանը սա ցանկանում է, որպեսզի ռեգիոնում որոշակի դեր ստանձնի, քանի որ Վրաստանը մշտապես առաջարկել է, սակայն այդ ծրագիրը երբեք չի հաջողվել հակամարտության բարդության պատճառով»,- մեկնաբանեց վերլուծաբանը։

Նա նաև այն կարծիքին է, որ հաշվի առնելով Երևանի, Բաքվի, ինչպես նաև Բրյուսել-Վաշինգտոն տանդեմի դիրքորոշումը, Թբիլիսին կարող է ընդունելի վայր լինել բանակցությունների համար։

«Բնականաբար, սա կարող է շատերի համար ավելի ընդունելի լինել, քան Մոսկվան։ Բրյուսելն ու Վաշինգտոնը կաշխատեն դրա օգտին, և այն, ինչ բանակցվել է այնտեղ, կփորձեն տեղափոխել Վրաստան»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս