Անօրինական է արցախցիների հաշիվների ստուգումը՝ «Բանկային գաղտնիքը» պաշտպանվում է օրենքով. Վահան Հովհաննիսյան
Ադրբեջանի կողմից Արցախից բռնի տեղահանվելուց ու Հայաստան տեղափոխվելուց հետո արցախահայերը բախվում են տարատեսակ խնդիրների՝ սկսած բնակարանների բարձր վճարներից մինչև մեքենաների ԱՊՊԱ-ի բացակայությամբ պայմանավորված տուգանքներ։
168.am-ը բռնի տեղահանված մի խումբ արցախցիներից ահազանգ է ստանում, որ իրենց բանկային հաշիվները ստուգելուց հետո, պետությունն իրենց զրկել է սոցիալական աջակցությունից։ Օրինակ, դեպքերը վերաբերում են բուժման համար նախատեսված դրամահավաքից գոյացած գումարին, որը քաղաքացին հավաքել է իր երեխային, ծնողին վիրահատելու կամ բուժելու համար։ Գումարը հավաքել ու կուտակել է բանկի իր քարտային հաշվեհամարում, ուստի քարտին եղած գումարը տեսնելուց հետո Կառավարությունը հրաժարվել է տվյալ անձանց հատկացնել 100 հազար դրամ։
168.am-ի հետ զրույցում փաստաբան Վահան Հովհաննիսյանն անդրադառնալով այս խնդրին՝ ասաց՝ առանց դատարանի որոշման՝ որևէ մեկն իրավունք չունի մուտք գործել մարդու անձնական հաշիվ՝ տեսնելու կուտակված գումարի չափը։
««Բանկային գաղտնիքը» պաշտպանվում է օրենքով և «բանկային գաղտնիքը» հասանելի է միայն դատարանի որոշման հիման վրա կատարված խուզարկությամբ կամ «բանկային գաղտնիքը» ստանալու վերաբերյալ համապատասխան փաստաթղթով։ Մնացած բոլոր դեպքերում կատարված գործողություններն անօրինական են»,- պարզաբանեց Վահան Հովհանիսյանը։
Թե տվյալ դեպքում մարդիկ ի՞նչ կարող են անել, Վահան Հովհաննիսյանն ասաց, որ ինչ էլ որ անեն, երկար գործընթաց է պահանջում։
«Պետք է տվյալ անձը դիմի դատարան, այդ հասանելիությունն անթույլատրելի ճանաչի, ինչն էլ երկար գործընթաց է ենթադրում։ Իհարկե, դատարան դիմելը դրական արդյունք կունենա, բայց իմանալով մեր դատական համակարգը՝ 3-4 տարի հետո միայն որոշումը կլինի։
Այս դեպքում միակ ճիշտ որոշումն այն է, որ դիմեն լրատվամիջոցներին, և խնդիրը բարձրաձայնվի, հանրայնացվի՝ միակ ճիշտ լուծումն է»,- եզրափակեց Վահան Հովհաննիսյանը։