«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության արձագանքը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի՝ տարածաշրջան կատարած այցին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ տարածաշրջան կատարած այցին։ Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․

«Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 16-23-ը Հայաստան և Ադրբեջան էր այցելել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։ Այցի պատճառը Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին ցավալի զարգացումներն էին, որոնք ուղեկցվեցին մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներով։ Առավել հակիրճ ձևակերպմամբ՝ տեղի ունեցավ էթնիկ զտում, որը կարիք ունի մանրամասն միջազգային քննության և համապատասխան գնահատականների։

Մարդու իրավունքների հանձնակատարը նաև հայաթափված Լեռնային Ղարաբաղում լինելուց հետո ամփոփել է իր այցը՝ հստակորեն արձանագրելով թե՛ Լեռնային Ղարաբաղի ամբողջական բռնի հայաթափման փաստը, թե՛ դրա հիմնական պատճառները՝ Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակում, մարդկանց տեղաշարժի ու հիմնական ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև խափանումներ, հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների ամբողջական բացակայություն։

Մենք ողջունում ենք Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի արձանագրումները, հատկապես Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, ներառյալ՝ ապահով և արժանապատիվ իրենց տները վերադառնալու իրավունքի երաշխավորման պահանջը։ Նման արձանագրումը համարում ենք խիստ կարևոր, միևնույն ժամանակ արձանագրելով, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկը մարդու իրավունքների ոտնահարման անպատժելիությունն էր, ինչը հանգեցրեց 1988-1992թթ․ պատմական Գարդմանից, Շիրվանից, Նախիջևանից հայության զանգվածային բռնի տեղահանման սցենարի ցավալի կրկնությանը Լեռնային Ղարաբաղում։

Սակայն մենք՝ որպես Ադրբեջանից բռնի տեղահանվածներ, որոնց հիմնարար իրավունքները բազմիցս ոտնահարվել են և չեն վերականգնվել ու փոխհատուցվել, մեր անհանգստությունն ենք հայտնում Ադրբեջանում Դունյա Միյատովիչի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններ զարգացնող կազմակերպություններ կատարած այցերի կապակցությամբ։ Այդ կառույցները, կատարելով հստակ պետական պատվեր, ամենօրյա ռեժիմով տարածում են ռասիստական և հակահայկական տրամադրություններ՝ փորձելով խափանել մեր տարածաշրջանի խաղաղեցման հնարավորությունները։ Մենք կոչ ենք անում Դունյա Միյատովիչին՝ չտրվել ադրբեջանական սադրանքներին, պահպանել մարդու իրավունքների հանձնակատարի վեհ առաքելության անաչառ սկզբունքները։ Փոխարենը հույս ունենք, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը ականջալուր կլինի ինչպե՛ս 1988-1992թթ․, այնպես էլ 2020-2023թթ․ Ադրբեջանի կողմից կատարված հանցանքների հանրայնացմանն ու պատժին՝ դրանով իսկ ամրագրելով սերունդների խաղաղ ու անվտանգ գոյակցության հնարավորությունը ապագայում»։

Տեսանյութեր

Լրահոս