Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին։ Կանադան ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և ակնկալում, որ կհարգվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։
«Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին։ Կանադան բարձր է գնահատում Հայաստանի ջանքերն՝ ուղղված խաղաղության և կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում։ Բոլորս համակարծիք ենք, որ դեռ պետք է ավելին անել։ Կանադան կոչ է անում Ադրբեջանին լիարժեքորեն հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և վերահաստատում է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքին հետևելու կարևորությունը։ Կանադան նաև կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել Լեռնային Ղարաբաղից վերջերս տեղահանված հայերի վերադարձի իրավունքը և բարի կամք դրսևորելով՝ ապահովել մարդասիրական օգնությունների անխոչընդոտ հասանելիությունը Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Մեր գործընկերների հետ շարունակաբար աշխատում ենք, որպեսզի մեղմենք Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց նկատմամբ չհիմնավորված ռազմական օպերացիայի հետևանքները, առավել ևս, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ամիսներ շարունակ գտնվում էին անօրինական շրջափակման մեջ»,- ասաց Կանադայի արտգործնախարարը։
Նա հավաստիացրեց, որ շարունակաբար աշխատում են, որպեսզի հակամարտության համար բանակցությունների միջոցով գտնվի տևական լուծում։ Նրա խոսքով՝ այսօր առավել քան երբևէ կարևոր է, որ Կանադան և ամբողջ աշխարհը ցույց տան իրենց աջակցությունը հայ ժողովրդին՝ 1915 թվականի ցեղասպանության հետևանքները կրած անձանց սերունդներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հեռացած համայնքներին, ինչի արդյունքում այժմ առաջացել է մարդասիրական ճգնաժամ։
«Կանադան ավելացնում է Լեռնային Ղարաբաղից հեռացած անձանց համար նախատեսված մարդասիրական աջակցությունը՝ ընդհանուր գումարը հասցնելով 3,9 միլիոն դոլարի։ Դրա մեջ մտնում է լրացուցիչ մեկ միլիոն դոլարի ֆինանսավորումը ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ ուղղված մարդկանց կյանքեր փրկելուն։ Եվս 2,5 միլիոն դոլարի ֆինանսավորում ԿԽՄԿ-ին, որը կօգնի մեղմել տառապանքն ու հրատապ խնամք կազմակերպել նրանց համար, ովքեր այս պահին դրա կարիքն ունեն, ովքեր հանգամանքների բերումով տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից՝ հարյուրամյակներ շարունակ այն համարելով իրենց հայրենիքը»,- նշեց Ջոլին։
Կանադայի արտգործնախարարը տեղեկացրեց, որ վաղը կմեկնի Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու մարդասիրական ճգնաժամով պայմանավորված իրավիճակին, կհանդիպի տեղահանված ընտանիքներին՝ նրանց առնչվող հարցերը քննարկելով ՏԻՄ ղեկավարների հետ։
«Կանադայի և Հայաստանի բարեկամությունը հիմնված է ժողովուրդների միջև խորը կապերի վրա։ Ավելի քան 60 հազար հայկական ծագում ունեցող անձինք Կանադան համարում են իրենց հայրենիքը։ Կանադայի հայկական համայնքը բավականին աշխույժ է ու դինամիկ։ Այն էական ներդրում ունի Կանադայի քաղաքների, այդ թվում Մոնրեալի հասարակական կյանքում։ Մեր երկիրը կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով հայ ժողովրդի ինքնիշխանությանն ու անկախությանը։ Մենք հավատում ենք ձեր ժողովրդավարական նկրտումներին և պատրաստ ենք աշխատել ձեզ հետ՝ դրանք իրականություն դարձնելու ուղղությամբ։ Այսօր կարևոր հանգրվան է Կանադայի և Հայաստանի հարաբերություններում, քանի որ Երևանում պաշտոնապես բացվում է Կանադայի նոր դեսպանատունը։ Այդ խոստումը հայ ժողովրդին տվել ենք դեռ անցյալ տարի և հիմա ուրախությամբ կատարում ենք։ Դեսպանատան աշխատանքների շրջանակում կանադացի դիվանագետներ կժամանեն Հայաստան, որպեսզի մեր երկու երկրների հարաբերություններն ավելի խորանան և աջակցենք ձեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին»,- եզրափակեց Կանադայի արտաքին գործերի նախարարը։