«Սա քաղաքական ակցիա է». Դավիթ Ջամալյան

Հայաստանը սպասում է ՌԴ-ից զենքի մատակարարմանը, որի գումարն արդեն վճարված է՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր դարձյալ նշել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին` կա՞ն արդյոք հստակ ժամկետներ` նա պատասխանել էր. «Ցանկացած պայմանագիր նախատեսում է և՛ ժամկետներ, և՛ այդ ժամկետների խախտման դեպքում պատժամիջոցներ»։

Անդրանիկ Քոչարյանը նաև անդրադարձել էր Ֆրանսիայից Հայաստան պաշտպանական բնույթի զենքերի մատակարարմանը՝ դա կարևորելով նաև ռազմական գործակցության շրջանակների ընդլայնման տեսանկյունից:

«Նիկոլական իշխանությունը հերթական անգամ լկտիաբար ստում է, թե գումար են տվել Ռուսաստանին և զենք չեն ստացել,- 168.am-ի հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին այսպես արձագանքեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ հիշեցնելով նաև,- 2022 թվականի վերջին, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը թողնում էր պաշտոնը, հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին պատրաստ էր մատչելի գներով տրամադրել սպառազինություն, կոնկրետ զինատեսակների դեպքում՝ նաև անվճար: Երբ այս իշխանությունը հրաժարվում էր Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններից, այդ կերպ նա, փաստորեն, հրաժարվում էր ընդունել Հայաստանին տրամադրվելիք օգնությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսքով (զորավարժությունն այն լեգիտիմ հնարավորությունն է, որով տվյալ պետություն սպառազինություն է բերվում)»:

Կարդացեք նաև

Ռազմական փորձագետի կարծիքով՝ քանի որ այս իշխանության գերխնդիրը Հայաստանը Ռուսաստանից պոկելն էր, այդ պատճառով նշված օգնությունն այդպես էլ Հայաստան չհասավ:

Ֆրանսիայից զենքի մատակարարման մասին պայմանագրի մասին իր դիտարկումներում Դավիթ Ջամալյանն ուշադրություն հրավիրեց լոգիստիկ խնդիրների վրա:

«Հայտնի հանգամանքներով պայմանավորված՝ այդ զենքն Իրանի տարածքից չի մտնելու. մնում է Վրաստանը: Վրաստանն էլ ադրբեջանաթուրքական տանդեմից այնպիսի կախվածության մեջ է, որ շատ մեծ հարց է՝ թույլ կտա՞ արդյոք իր օդային տարածքը տրամադրել այդ սպառազինությունը տեղ հասցնելու համար,- մանրամասնեց փորձագետը, ապա խոսելով հնարավոր ծավալների մասին՝ նկատեց,- Ֆրանսիան Հայաստանին զենք է մատակարարում. սա քաղաքական ակցիա է Հայաստանը Ռուսաստանից անջատելու համար: Սա արվում է, նախ՝ որպեսզի հայաստանյան հասարակության շրջանում պատրանք ստեղծվի, թե Ֆրանսիան հուսալի այլընտրանք է Ռուսաստանի փոխարեն. սո՛ւտ է: Այո, ինչ-որ խմբաքանակ իրենք կփորձեն ամեն կերպ Հայաստան բերել, բայց ռեալ մարտական գործողությունների վերսկսման պարագայում՝ մեր ԶՈւ պահանջարկն այնքան մեծ է, որ Ֆրանսիան օբյեկտիվորեն չի կարող բավարարել այդ պահանջարկը:

Ինչ-որ սիմվոլիկ խմբաքանակները հարց չեն լուծելու»:

Այս համատեքստում ռազմական փորձագետն ընդգծեց, որ նախկինում՝ թե՛ 44-օրյա պատերազմից առաջ, թե՛ պատերազմի օրերին, ՌԴ-ից սպառազինության մատակարարման խնդիր երբևէ չենք ունեցել՝ բացառապես ինչ-ինչ տեխնիկական հարցեր:

«Այժմ հարցը հետևյալն է՝ Ֆրանսիան ունա՞կ է այդ ահռելի ծավալներն ապահովել. իրենց ռազմարդյունաբերությունը, իրենց ԶՈւ բալանսի տակ եղած սպառազինությունն արդյո՞ք այնքան է, որ իրենք և՛ Ուկրաինային օգնեն, և՛ Հայաստանին օգնեն, և՛ սեփական պահանջները հոգան: Եվ հետո՝ այդ տեխնիկան որ հասնի, ժամանակ է հարկավոր, որ այդ անձնակազմերը յուրացնեն այն. մենք այդ ժամանակն էլ չունենք:

Մի խմբաքանակ կգա, կնկարեն-ցույց կտան՝ հերթական հակառուսական հիստերիան բարձրացնելու համար: Այսինքն՝ սա ՀՀ-ն ՌԴ-ից անջատելու քաղաքական, փիառ ակցիա է. իրական ռազմաքաղաքական ենթատեքստը հենց Հայաստանը ՀԱՊԿ-ից, ՌԴ-ից հեռացնելն է»,- հավելեց Դավիթ Ջամալյանը:

Ըստ նրա՝ Սյունիքը զավթելու ռազմաքաղաքական որոշում է կայացվել Արևմուտքի լուռ համաձայնությամբ, իսկ  սա ընդամենը ՀՀ հասարակությանը բթացնելու համար արված քայլ է:

«Այո՛, ամեն վայրկյան պետք է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սպասել հարվածի, կլինեն դատապարտող հայտարարություններ Արևմուտքից՝ ոչ ավելին: ՀՀ-ն՝ ի դեմս օրվա իշխանության, ամեն կերպ իրենից հեռացրել է ՌԴ-ն: Անկանխատեսելի է՝ այդ հարվածից ինչ ծավալի կորուստներով դուրս կգանք»,- նշեց Դավիթ Ջամալյանը:

Տեսանյութեր

Լրահոս