Ի՞նչ կտա Հայաստանին ֆրանսիական սպառազինությունը․ ինչո՞ւ չի պահպանվում խորհրդապահական ռեժիմը

Օրերս Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն հայտարարեց, որ Հայաստանին վաճառելու է բացառապես պաշտպանական զենքեր։ Այս մասին Սենատի հանձնաժողովում կայացած 2024 թվականի բյուջեի ժամանակ ասել էր Լըքորնյուն, ով ավելի վաղ հայտարարում էր, թե չի կարծում, որ Փարիզը կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Ֆրանսիացի նախարարը թեև չի հայտնել, թե ինչ սպառազինություն է մատակարարվելու, քանի որ այդ հարցը դեռ պետք է առաջիկայում կոնկրետացվի Երևանի հետ, ամեն դեպքում նշել է, որ դա խստիվ պաշտպանական սպառազինություն է լինելու, որը կօգնի Հայաստանին պաշտպանել կյանքեր և ապահովել երկրի տարածքի անվտանգությունը։

Նախարարը նշել է նաև, որ Հայաստանում արդեն գործում է Ֆրանսիայի մշտական պաշտպանական առաքելությունը։ Ռազմական կցորդը, ըստ Լըքորնյուի, փորձառու գնդապետ է և կարևոր աշխատանք է իրականացնում։ Ի դեպ, Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս այցի վերաբերյալ Լըքորնյուն «Le Parisien»-ի հետ զրույցում հայտնել է, որ Երևանն ու Փարիզը ստորագրելու են ռազմական մատակարարումների պայմանագիր: Հաստատելով, որ ընդունելու է Հայաստանի իր պաշտոնակից Սուրեն Պապիկյանին՝ նախարար Լըքորնյուն ասել է.

«Մենք պաշտոնապես կձևակերպենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության ձեռքբերումը, մասնավորապես՝ կստորագրենք պայմանագիր, որը Հայաստանին թույլ կտա ապահովել իր երկնքի պաշտպանությունը»:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է ակնկալել Ֆրանսիայի աջակցությունը, նախարարն ասել է. «Շատ կարևոր է հնարավորություն տալ Հայաստանին պաշտպանելու իր խաղաղ բնակչությանը և ապահովելու իր սահմանների պաշտպանությունը»:

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը նշեց, որ սովորաբար նման գործարքները պահվում են խորհրդապահական ռեժիմում։ Սակայն, նրա խոսքով, այս մասին հայտարարելը ևս պատահական չի լինում և ունենում է հստակ ռազմաքաղաքական նպատակներ, ինչպես տեղեկատվական տարբեր արտահոսքերի պարագայում հստակություն մտցնելը տարածվող տեղեկատվության մեջ, նաև հակառակորդի զսպում և նույնիսկ շատ այլ քաղաքական նպատակներ։ Այս դեպքում, ըստ վերլուծաբանի, կարելի է ենթադրել, որ Ֆրանսիան ցանկացավ շեշտել, որ սա զուտ պաշտպանական սպառազինություն է լինելու և ոչ հարձակողական, քանի որ Ֆրանսիա-Հայաստան արդեն ռազմաքաղաքական համագործակցությունը ստիպում է Ադրբեջանին անընդհատ քննադատության ենթարկել Ֆրանսիային, ինչպես նաև մերժել Ֆրանսիայի դիվանագիտական քայլերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ արդիականացմանը՝ Ֆելգենգաուերը գտնում է, որ Ֆրանսիայից ժամանակակից, ՆԱՏՕ-ական սպառազինության ձեռքբերումը որոշակիորեն կփոխի ՀՀ ԶՈՒ մակարդակը, թեև դրա համար նաև ժամանակ կպահանջվի, քանի որ, բացի սպառազինություն ձեռք բերելը, պետք է սպառազինությունն ինտեգրել սեփական պաշտպանական համակարգում, ադապտացնել, կարողանալ այն կիրառել, ինչն այս դեպքում ավելի հեշտ ու արագ կլիներ, եթե ողջ համակարգը լիներ ՆԱՏՕ-ական և ոչ սովետական։

«Այսինքն՝ այստեղ բավականին շատ նրբություններ կան, սակայն ֆրանսիական սպառազինությունն ինքնին վատը չէ, այն ցույց է տվել իր արդյունավետությունն Ուկրաինայում։ Բայց ողջ համակարգը փոխելու, ադդիականացնելու, ռեգիոնում պարտությունից հետո բալանս վերականգնելու համար պետք են լուրջ ֆինանսական միջոցներ, դիվանագիտական ջանքեր, դաշնակիցներ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ լավ սպառազինվում են շատ ու հուսալի դաշնակիցներ ունեցող երկրները։ ՀՀ-ի իր ԶՈՒ արդիականացման ցանկության ֆոնին բացասական հանգամանք է պատերազմն Ուկրաինայում, քանի որ ռուսական, եվրոպական, ամերիկյան սպառազինությունն ուղղվում է դեպի Ուկրաինա, քանի որ սա ներկայումս շատ ավելի լուրջ ճակատ է, քան Հարավային Կովկասը և դրանում Հայաստանը՝ իր կարիքներով։ Ուստի Ֆրանսիան, որը փորձում է դիրքավորվել Հարավային Կովկասում՝ որպես ՀՀ դաշնակից, կվաճառի սպառազինություն, այն ՆԱՏՕ-ի հիմքով է, այն կփոխի իրավիճակ, սակայն հավասարակշռության վերականգնման համար բավարար չէ, քանի որ ՀՀ-ն պարտվել է պատերազմում, ինչպես նաև ունի ԶՈՒ, որը սովետական համակարգով է աշխատում։ Բնականաբար, ներկայիս ժամանակակից պատերազմի համար հարկավոր է ժամանակակից զենքերով հագեցած բանակ»,- նման կարծիք հայտնեց Ֆելգենգաուերը՝ ամփոփելով, որ այս ձեռքբերումը որոշակիորեն դրական է, բայց ոչ բավարար։

Իսկ սպառնալիքներ ռեգիոնալ անվտանգության համար, նրա խոսքով, կան հատկապես Ուկրաինայի և իսրայելա-պաղեստինյան պատերազմների ֆոնին, երբ դոմինոյի ազդեցությամբ պատերազմները կարող են ընդլայնել աշխարհագրությունները և սահմանները։

Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին, ապա, ըստ նրա, այս ռեգիոնում իրավիճակը բազմաշերտ ու բարդ է։

Իսրայելը, նրա խոսքով, թեև հայտարարել է ցամաքային օպերացիա իրականացնելու մասին՝ եղանակներ է փնտրում դիվանագիտական լուծումների համար, կամ տարբեր կոմբինացիաներ է մշակում այդ օպերացիայի համար, ինչը կասկածելի է։

«Դա նշանակում է, որ Իսրայելը պատերազմի մեկնարկից բավականին երկար ժամանակ անց դանդաղում է, իր հերթին՝ Իրանը ևս խուսափում է մեծ սրացումից ՀԱՄԱՍ-ը վերջնականապես չկորցնելու համար։ Իրանը հասկանում է, որ չի հաջողվի խուսափել ԱՄՆ ներքաշումից, և սուր հայտարարություններին զուգահեռ՝ ավելի սուր քայլերի չի դիմում»,- ասաց նա՝ հավելելով, որ պատերազմական իրավիճակը սահմանային է՝ կամ կտարածվի և կվերաճի մեծամասշտաբ պատերազմի, կամ կմնա Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։

Տեսանյութեր

Լրահոս