Ե՛վ ամուսնական, և՛ ոչ ամուսնական կյանքը Աստծուց օրհնված են
– Հա՛յր, ի՞նչ պետք է պատասխանել այն երիտասարդներին, որոնք հարցնում են, թե վանական կյանքն ավելի բա՞րձր է ամուսնական կյանքից:
– Նախ պետք է նրանց հասկացնել, թե այս աշխարհում ո՛րն է մարդու առաքելությունը և ո՛րն է կյանքի իմաստը: Հետո նրանց բացատրել, որ Եկեղեցու կողմից սահմանված երկու ճանապարհներն էլ Աստծուց օրհնված են, որովհետև երկուսն էլ կարող են մարդկանց դրախտ առաջնորդել, եթե ապրեն Աստծու պատվիրանների համաձայն: Ենթադրենք երկու մարդ ճանապարհ են ընկնում և գնում են որևէ ուխտավայր: Մեկը ավտոբուսով է գնում, մյուսը՝ ոտքով, սակայն երկուսն էլ ունեն նույն նպատակը: Աստված ուրախանում է և՛ այն մարդով, որ ավտոբուսով է գնում, և՛ այն մարդով, որ ոտքով է գնում: Վատն այն է, որ այն մարդը, որ ոտքով է գնում, մեղադրում է ավտոբուսով գնացող մարդուն և հակառակը:
Լավ կլինի, որ վանական դառնալու մասին մտածող երիտասարդներն իմանան, որ շատ մեծ է վանականի առաքելությունը, այսինքն՝ այն է, որ դառնա հրեշտակ: Քրիստոս սադուկեցիներին ասաց, որ երկնքում, հրեշտակների նման պետք է ապրենք /Մատթ. 22.30/: Այդ պատճառով որոշ շատ պատվախնդիր երիտասարդներ դառնում են վանականներ և այս կյանքից սկսած հրեշտակակերպ կյանք են ապրում:
Բայց թող որևէ մեկը չկարծի, որ այն մարդիկ, որ վանական են դառնում, կփրկվեն նրա համար, որ պարզապես դարձան վանականներ: Յուրաքանչյուր մարդ Աստծուն պատասխան պետք է տա նրա համար, թե այն ճանապարհը, որ ընտրել է, սրբացրել է, թե ոչ: Ամեն տեղ պատվախնդրություն է անհրաժեշտ: Աստված չի ստեղծում աշխատասեր և անհաջող մարդիկ, այլ ով չունի պատվախնդրություն, ինչ ճանապարհ էլ որ ընտրի, անհաջող կլինի, մինչդեռ պատվախնդիր մարդը ուր էլ որ գտնվի, աճում և զարգանում է, որովհետև աստվածային շնորհն իր հետ է: Կան ամուսնացածներ, որ շատ առաքինի կյանքով են ապրում և սրբանում են: Որևէ ընտանիքի հայր, եթե սիրում է Աստծուն և հմայվում է աստվածային սիրով, կարող է հոգևոր մեծ աճ ունենալ, ինչպես նաև իր երեխաներին օժտել առաքինություններով, ստեղծել մի գեղեցիկ ընտանիք և դրա համար Աստծուց կրկնակի վարձ ստանալ:
Դրա համար ամեն մի երիտասարդ իր առջև պետք է նպատակ դնի պատվախնդրորեն պայքարել, որպեսզի սրբացնի այն ճանապարհը, որ պետք է ընտրի: Ուզո՞ւմ է ամուսնանալ, թող ամուսնանա, սակայն պայքարի՝ դառնալու համար ընտանիքի լավ հայր և ապրի սրբորեն: Ուզո՞ւմ է վանական կյանքով ապրել, թող դառնա վանական, սակայն պայքարի, որպեսզի դառնա լավ վանական: Թող չափի իր ուժերը և տեսնի, թե ինչ կարող է անել և առաջ ընթանա երկու ճանապարհներից որևէ մեկով: Օրինակ՝ եթե մի աղջիկ տեսնում է, որ միանձնուհի դառնալու ուժ չունի, այդ դեպքում խոնարհաբար թող Աստծուն ասի. ՙԱստված իմ, տկար եմ, որպես միանձնուհի ապրել չեմ կարող, ինձ մի մարդ ուղարկիր, որն ինձ օգնի՝ գեղեցիկ ընտանիք ստեղծելու և հոգևոր կյանքով ապրելու համար՚: Եվ Աստված այդ ժամանակ նրան չի թողնի: Եթե ամուսնանա, ստեղծի մի լավ ընտանիք, ապրի Ավետարանի համաձայն, Աստված նրանից ավելին չի էլ պահանջի:
Իհարկե, կան երիտասարդներ, որոնցից չնայած որ Աստված քիչ է ուզում, սակայն նրանք, պատվախնդրությունից մղվելով, շատ են պայքարում և, ընտրելով վանական կյանքը, Աստծուն ավելին են տալիս: Նրանք Աստծուց կրկնակի պսակներ կընդունեն: Այսինքն՝ եթե մեկը կոչված է ամուսնական կյանքի և, պատվախնդրությունից մղված, ցանկանա ամեն ինչ զոհաբերել և ապրել վանական կյանքով, սա շատ է հուզում Աստծուն: Միայն թե ուշադիր պետք է լինի, որ իր դրդապատճառը շատ մաքուր լինի և չշարժվի հպարտությունից մղված: Ճիշտ որոշումից հետո Աստված կոչնչացնի բոլոր դժվարությունները:
Հունարենից թարգմանեց՝ Էդգար սրկ. Ծատուրյանը