Արցախի վերջին էջը շրջեցին ու նոր էջում թշնամու ցանկություններն են լրացնում. Թևան Պողոսյան
Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ մեր հայրենակիցներ այսօր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց էին: Նրանք հայտարարում էին, որ բազմաթիվ հարցեր ունեն, որոնց պատասխաններն ակնկալում են ստանալ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից:
Քաղաքացիներից մեկը նախագահից հետաքրքրվեց, թե ինչպես են նրանք պատրաստվում լուծել արցախցիների խնդիրները՝ այն պարագայում, երբ նրան չեն վստահում ու հյուրընկալում ՀՀ իշխանությունները: Հարցեր հնչեցին նաև Արցախի լուծարման վերաբերյալ՝ Շահրամանյանի կողմից ստորագրված հայտարարության ու Արցախի պետական մարմինների կողմից նիստ հրավիրելու ու գործունեություն ծավալելու վերաբերյալ:
Շահրամանյանը նաև հայտարարեց, որ հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կհնչեցնի Հանրային հեռուստատեսության հարթակից:
Քաղաքագետ Թևան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ երկրում ստեղծված ներկա իրավիճակը կարող է ձեռնտու լինել միայն թշնամուն, Արցախի խնդրի գոյության դեմ պայքարողներին ու այն ուժերին, որոնք ցանկանում են պառակտվածություն տեսնել արցախցիների մեջ:
«Այստեղ խնդիրը միայն այն չէ, թե ովքեր կօգտվեն: Խնդիրն այն է, թե ինչու ենք մենք թույլ տալիս, որ դա տեղի ունենա: Առաջին այդ թույլ տվողներից է ինչպես այստեղ եղած քաղաքական հանրությունը, որոնք պետք է լավ գիտակցեին, որ երկար ժամանակ չխոսելն ու որևէ տեղեկություն չհայտնելը, խնդիրներին համակարգված չմոտենալը միշտ էլ ավելի վատ իրավիճակի է հասցնելու: Նույնը վերաբերում է նաև Արցախի իշխանություններին ու պետական ինստիտուտներին, որոնք նույնպես պետք է հասկանան, որ նաև իրենց լռությունն է, որը հանգեցնում է առավել մեծ խնդիրների»,- ասաց քաղաքագետը՝ համոզմունք հայտնելով, որ այն տեղեկությունը, որը պատրաստվում են հայտնել Արցախի իշխանությունները, պետք է արվեր շատ ավելի վաղ ու փորձեր կանխել վատագույն զարգացումները:
Ըստ Թևան Պողոսյանի՝ ադրբեջանական ցեղասպանական ու էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների բարձրացրած մի շարք խնդիրների արդյունավետ լուծման հնարավոր կլիներ հասնել դրանց հավաքագրման ու հավաքական ձևով աշխարհին ներկայացնելու պարագայում: Այս հարցում, ըստ քաղաքագետի, անելիքներ ունեն նաև Արցախի պետական մարմինները:
«Հանրության հետ ռազմավարական հաղորդակցությունը շատ կարևոր է: Ցանկացած պետական ինստիտուտ պարտավոր է հաղորդակցվել հանրության հետ: Հիմա եթե դուք դա չեք անում, ապա դա կանեն ուրիշները՝ թշնամիները, կամ մարդիկ, որոնք ունեն այլ նպատակներ»,- ասաց Թևան Պողոսյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից Արցախի ղեկավարության անդամների հետ որևէ կոնտակտի դուրս չգալու փաստին, նա ասաց.
«Եթե հիշում եք՝ Արցախի ԱԺ նորընտիր նախագահն ընտրվելուց հետո հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ ԱԺ նախագահի հետ: Որևէ այլ մարմին այդպես էլ չարձագանքեց Արցախում տեղի ունեցած որևէ այլ գործընթացի: Ու ես հիշում եմ, որ միշտ ասում էին, թե, ցավոք սրտի, ԱԺ-ն չի կատարում իր կանոնակարգ օրենքով ամրագրած, ՀՀ-ԱՀ ԱԺ-ների ձևավորած միջպետական հանձնաժողովների նիստերը, որոնք պետք է տեղի ունենային տարին երկու անգամ՝ Ստեփանակերտում ու Երևանում: Հիմա 1 ամիս անցել է: Արդյո՞ք տեսել եք, որ ՀՀ ԱԺ-ն կանչի իր կոլեգաներին և հանդիպում ունենա: Դրա փոխարեն՝ գործող կառավարության ղեկավարը չշնորհավորեց Արցախի նախագահին՝ ասելով՝ դե, շնորհավորելու բան չկա, և այլն: Բա այդ ինչի՞ մի հատ ռիսկ չեն անում: Վա՞խ կա, որ կարող է ինչ-որ մեկն իրենց ծեծի: Թե՞ խոստումներ ունեն տված»,- ասաց նա:
Անդրադառնալով հատկապես Ստրասբուրգում արցախցիների իրավունքների ու ինքնորոշման վերաբերյալ Փաշինյանի կողմից չհիշատակելու և այժմ արցախահայության նկատմամբ տարվող քաղաքականությանը՝ Թևան Պողոսյանը հիշեցրեց Փաշինյանի տեսակետը Հայաստանի ու Արցախի գոյության վերաբերյալ: Նաև հավելեց, որ ներկա իշխանությունները պարզապես դադարում են խոսել Արցախին վերաբերող որևէ խնդրի մասին՝ հույս ունենալով փակել պատմության այդ էջը:
«Ինքը որոշել է, որ Երրորդ Հանրապետության ծնող արմատը եղել է Արցախն ու Արցախյան խնդիրը: Հիմա ո՞նց անի, որ այդ արմատն ու այդ խնդիրը վերացնի: 1988 թվականի շարժումն Արցախյանից էր սկսվել, դրա վրա էր հիմնված, դեպի անկախության տանող ճանապարհը նույնպես նույն արմատն ուներ: Իրենց ընկալմամբ, չխոսելով այդ մասին՝ կարող են կտրել այդ արմատը, ինչը հնարավոր չէ»,- հայտարարեց Թևան Պողոսյանը:
Ինչ վերաբերում է իր կողմից մշտապես մեջբերվող Մոնթեի խոսքերին, որ՝ «եթե հանձնենք Արցախը, ապա կշրջենք Հայոց պատմության վերջին էջը», ապա նա ասաց, որ այն այսօր արդեն իրականություն է դարձել:
«Այդ էջը շրջել ենք ու հիմա էլ դա լրացնում ենք՝ թշնամու պահանջով: Գրում ենք՝ դե, հես ա կգան Սյունիքի հետևից, հետո՝ մյուս տարածքները: Մեղավորությունը փնտրում ենք ո՛չ թե թշնամու, այլ մեր մեջ: Էջը փակելուց հետո կատարում են միայն թշնամու ցանկությունները»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ որևէ բան փոխելու համար երբեք ուշ չէ, եթե կա համապատասխան կամք:
Դրա համար, ըստ Թևան Պողոսյանի, պետք է վերստին ձևավորել ազգային միասնություն, վերականգնել ազգային երազանքը, դրա մասին բարձրաձայնել ու ձևակերպել հստակ նպատակ:
Թևան Պողոսյանի գնահատմամբ, սակայն, դա հնարավոր կլինի իրականացնել միայն այս իշխանություններին հեռացնելուց հետո:
«Այդ նպատակները մենք գոնե պետք է կարողանանք փոխանցել մեր սերունդներին: Մենք լավ սերունդ չեղանք: Մեր պապերի ու հայրերի արածը գետնով տվեցինք: Բայց գոնե իրավունքի տեսակետից կարողանանք մեր սերունդներին փոխանցել այդ ամենը: Գուցե նրանք մեզնից ավելի լավը լինեն, ու նրանց մոտ ստացվի տեր կանգնել մեր արժեքներին»,- ասաց քաղաքագետը:
Նազելի Ստեփանյան