ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Եգիպտոս՝ երաշխավորելու հումանիտար օգնության մուտքը Գազա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Եգիպտոսի Ալ-Արիշ քաղաք և ստուգել այն հումանիտար բեռները, որոնք պետք է մատակարարվեն շրջափակման մեջ գտնվող Գազա։ Այս մասին հաղորդում է Egypt Today պարբերականի հրապարակումը։
Հաղորդվում է, որ Գուտերեշը մամուլի ասուլիս կտա Եգիպտոսի և Գազայի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետում։
Ալ-Արիշ ժամանելիս Գուտերեշը շեշտել է, որ Եգիպտոսը միակ երկիրն է, որը կարող է նվազեցնել լարվածությունը, և կոչ է արել հրադադար հաստատել՝ հումանիտար օգնությունը Գազա հասցնելու համար։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ է արել ազատ արձակել ռազմագերիներին, իսկ Իսրայելին հորդորել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը։
«Սա չի կարող լինել օգնության մեկանգամյա մատակարարում։ Դա պետք է լինի շարունակական գործողություն։ Մենք պետք է երաշխավորենք, որ օգնությունն ապահով կերպով մուտք գործի։ Ես Եգիպտոսում եմ, որ երաշխավորեմ դա», – ասել է Գուտերեշը։
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումներից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել և գնդակոծում է Գազայում տարբեր թիրախներ։ Բացի այդ, Իսրայելը Գազայի հատվածի լիակատար շրջափակում է սկսել։ Պաղեստինյան կողմում զոհերի թիվը շուրջ 3800 է, վիրավորների թիվը՝ 13 000։ Իսրայելական կողմում կա 1400 զոհ, ավելի քան 4500 վիրավոր։ Շուրջ 200 մարդ պատանդ է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ փոխանակման նպատակով։