ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ չընտրված Ջիմ Ջորդանը որոշել է կրկին առաջադրվել
Հանրապետական կոնգրեսական Ջիմ Ջորդանը, որին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնի համար երկու քվեարկությունների ժամանակ չի հաջողվել հավաքել ձայների անհրաժեշտ քանակությունը, որոշել է կրկին առաջադրվել։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Ակնկալվում է, որ հաջորդ քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 19-ի՝ օրվա երկրորդ կեսին։
Associated Press-ը նշում է՝ կան մտավախություններ, որ Ներկայացուցիչների պալատը դեռ որոշ ժամանակ կմնա առանց խոսնակի։
Ըստ Reuters-ի հրապարակման՝ ԱՄՆ կոնգրեսական Մարիանետ Միլլեր-Միքսը հայտարարել է, որ Ջիմ Ջորդանի դեմ քվեարկելուց հետո ստացել է մահվան սպառնալիքներ։ Միլլեր-Միքսը, որ առաջին քվեարկության ժամանակ կողմ էր արտահայտվել Ջիմ Ջորդանի թեկնածությանը, երկրորդ քվեարկության ժամանակ իր ձայնը տվել էր կոնգրեսական, հատկացումների հանձնաժողովի նախագահ Քեյ Գրենջերին։ Դրանից հետո, ըստ Միլլեր-Միքսի, ինքը բազմաթիվ սպառնալից զանգեր է ստացել, ինչպես նաև մահվան սպառնալիքներ։ Դրանց մասին իրավապահներին տեղեկացրել են։
Նախագահից հետո ԱՄՆ-ում երկրորդ պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ հոկտեմբերի սկզբին Ներկայացուցիչների պալատը ձայների 216 կողմ, 210 դեմ հարաբերակցությամբ քվեարկեց Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական մեծամասնության առաջնորդ Քևին Մաքքարթիին պաշտոնանկ անելու օգտին։
Մաքքարթիի կուսակիցները նրա դեմ քվեարկել էին այն բանից հետո, երբ նա Սենատի դեմոկրատների հետ համաձայնության եկավ և ընդունեց բանաձև կառավարությանը կարճաժամկետ ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ՝ «շաթդաունից» խուսափելու համար։ Խոսնակին հեռացնելու գործընթացը նախաձեռնել էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Մեթ Գեցը։