Ռիշի Սունակը ողջունել է, որ Իսրայելը թույլ է տվել հումանիտար մատակարարումների մուտքը Գազայի հատված
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հանդիպումներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Սունակը Նեթանյահուին հայտնել է, որ Բրիտանիան լիովին աջակցում է Իսրայելի իրավունքին՝ պաշտպանելու իրեն։
Լրատվամիջոցների առջև ելույթում Ռիշի Սունակը ողջունել է այն, որ Իսրայելը համաձայնել է թույլ տալ հումանիտար մատակարարումների մուտքը Գազա։
«Մենք հասկանում ենք, որ պաղեստինցիները նույնպես ՀԱՄԱՍ-ի զոհերն են, այդ պատճառով ողջունում ենք ձեր որոշումը, որ ընդունել եք երեկ (խմբ․՝ հոկտեմբերի 18-ին)՝ ապահովելու, որ բացվեն դեպի Գազա ճանապարհները և հումանիտար օգնություն մուտք գործի այնտեղ․․․ Մենք ցանկանում ենք, որ դուք հաղթեք», – ասել է Սունակը՝ շեշտելով, որ Բրիտանիան կանգնած է Իսրայելի ժողովրդի կողքին։
ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնություն են ձեռք բերել, որ Գազայի և Եգիպտոսի սահմանային «Ռաֆահ» անցակետով շուրջ 20 բեռնատար մտնի Գազայի հատված։
Իսկ Իսրայելի նախագահի հետ հանդիպմանը Բրիտանիայի վարչապետը ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի դեմ հոկտեմբերի 7-ի հարձակումն անվանել է «ահաբեկչության բարբարոսական գործողություն», որն իրականացվել է ահաբեկչական կազմակերպության կողմից։
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումներից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել և սկսել է գնդակոծել Գազայում տարբեր թիրախներ։ Հարվածներ են հասցվում նաև Լիբանանում «Հեզբոլլահ» արմատական կազմակերպության թիրախներին։
Հակամարտության սրացումից ի վեր, ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության, պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 3700-ը։ Վիրավորների թիվը շուրջ 13 000 է։
Իսրայելական կողմում կա 1400 զոհ, ավելի քան 4500 վիրավոր։ Շուրջ 200 մարդ պատանդ է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ փոխանակման նպատակով։