«Ադրբեջանի գեներալներից մեկը Մարտակերտ մտնելուց հետո ասել է, թե հայերը տղամարդու նման մարտնչել են ու մեզ մեծ կորուստ հասցրել». Մարտին Եսայան

Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ուժերի սկսած լայնածավալ ռազմական գործողություններից հետո, Արցախից ավելի քան 100 հազար արցախահայեր բռնի տեղահանվեցին՝ ցեղասպանության սպառնալիքի տակ, հարյուրավոր խաղաղ բնակիչներ սպանվեցին, այդ թվում՝ երեխաներ, շատերը մինչև այս պահը համարվում են անհետ կորած, կամ ոմանց էլ Ադրբեջանը գերեվարել է։ Արցախի նախկին նախագահներին, որոնք մինչև վերջ մնացել էին Արցախում, Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալեցին: Բաքու տեղափոխվելուց հետո նրանք  կալանավորվեցին, այդ թվում՝ նաև Արցախի նախկին պետնախարարը, ԱԺ նախագահը, ՊԲ նախկին հրամանատարը, ՊԲ բանակի նախկին հրամանատարի տեղակալը և նախկին արտգործնախարը, որն ինքնակամ էր գնացել Շուշի։

168.am-ի հետ Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանը խոսելով Արցախի նախկին պաշտոնյաների գերեվարման մասին, ասաց, որ հեռուն չնայող մարդիկ հաճախ են նրանց քննադատում, թե ինչո՞ւ ավելի վաղ չեն հեռացել, որովհետև նրանք չէին կարող թողնել ժողովրդին ու հեռանալ։

«Արցախի նախկին նախագահները, նախկին պաշտոնյաները տղամարդու նման մինչև վերջ մնացին Արցախում, գիտակցելով, որ կարող է հայտնվեն ադրբեջանական գերության մեջ։

Չակերտներ չբացելով՝ միայն ասեմ, որ եղել է վստահություն, որ նրանք դուրս կգան, բայց հանկարծ ինչ-որ պահի այդ վստահությունը բոլորովին այլ ուղղությամբ է օգտագործվել։

Կարդացեք նաև

Թշնամուն լավ եմ ճանաչում, մեր գերեվարված անձանց որևէ ներում չի լինելու, հնարավոր է՝ միայն Ռուբեն Վարդանյանին որոշ ժամանակ անց ազատ արձակեն՝ զուտ դրսի ճնշումների ներքո, քանի որ գիտենք, թե նա միջազգային տարբեր կազմակերպությունների հետ ինչպիսի համագործակցություն է ունեցել։ Մնացած պաշտոնյաների ճակատագիրը վտանգի տակ է»,- նշեց Մարտին Եսայանը։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Հայաստանի անվտանգության խնդիրներին.  նրա մեկնաբանությամբ՝ ՀՀ իշխանությունն Արցախը հանձնելով չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը, քանի որ այսօր մեծ է հավանականությունը, որ Գեղարքունիքի, Վայոց ձորի և մի քանի այլ ուղղությամբ թշնամին կարող է առաջխաղացման փորձեր անել:

«Տեսնելով, թե Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում ինչ էր հայտարարում, օգոստոսի 5-ից հետո ես իմ հարազատներին ասում էի՝ պատրաստ եղեք, որովհետև ձեզ սպանելով՝ հանելու են Արցախից, ինձ ասում էին՝ հնարավոր չէ։

Հայաստանի ղեկավարն իր բոլոր քայլերով մեզ խորտակում էր, տրորում ռուսի ոտքը, արդյունքը տեսանք։ Նիկոլը հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում, ռուսներին սակարկելու տեղ չթողեց, ռուսներն էլ Ադրբեջանին ասացին՝ գնա, ինչ ուզում ես արա, քո տարածքն է։

Վստահ եմ, եթե ՊԲ-ին շատ չնչին օգնություն լիներ Հայաստանի կողմից, մենք բռնի չէինք տեղահանվի մեր հայրենիքից, միայն այսքանը կասեմ։

Մի օրինակ բերեմ՝ թշնամու հատուկ ստորաբաժանումներից մեկը Խաչենի ուղղությամբ Ձախ ձորում փորձել է դուրս գալ, որպեսզի միանգամից կտրի Մարտակերտ-Չլդրան հատվածը, չնայած, որ ամենապատրաստված խումբն է եղել, չի հաջողվել ճանապարհը կտրել՝ այդտեղ մեր ՊԲ զինվորները սատկացրել են։ Ավելին՝ նույնիսկ Մարտունու շրջանի ուղղությամբ մերոնք այնքան առաջ են գնացել, որ հասել են «Մարտունի-2» զորամասի տարածքին։ Ադրբեջանի գեներալներից մեկը Մարտակերտ մտնելուց հետո ասել է, թե՝ հայերը տղամարդու նման մարտնչել են ու մեզ մեծ կորուստ հասցրել։ Թշնամին մեծ կորուստ է ունեցել, էտապ առ էտապ այդ զոհերը հանրայնացնելու են, ասելու են՝ ձիուց ընկած, օձը խայթեց և այլն, բայց երբեք չեն ասի, որ հայ զինվորն է սատկացրել։

Արցախահայությունը թերսնված, ուժասպառ՝ կարողացավ մինչև վերջ կանգնել, ակնկալելով, որ կլինի օգնություն, բայց չեղավ»,- շեշտեց Մարտին Եսայանը։

Ռազմական փորձագետն այն կարծիքին է, որ Արցախի հարցը փակված չէ, այն շարունակում է չլուծված մնալ։ Եվ այս համատեքստում իսրայելա-պաղեստինյան պատերազմի հակամարտությունում, եթե Իրանին ներքաշեն պատերազմի մեջ, ապա տարածաշրջանում շատ բաներ կփոխվեն։

«Տեղեկություններ ունեմ, որ Ադրբեջանի միջոցով Իսրայելը զենք է ստացել՝ Իրանի դեմ օգտագործելու համար, հուսամ՝ Իրանի հատուկ ծառայությունները լավ աշխատում են։

Կապրենք ու կտեսնենք, որ վերջում մենք ենք Ալիևի վրա ծիծաղելու, նա պատժվելու է թե՛ Աստծո, թե՛ մարդկանց կողմից։ Չգիտեմ՝ որքան եմ ապրելու, բայց Ադրբեջանն այս բոլոր վայրագությունների պատասխանը տալու է»,- եզրափակեց Մարտին Եսայանը։

Տեսանյութեր

Լրահոս