
«Եթե հնարավորությունը ճիշտ գնահատվի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ հաղորդակցություն կապահովվի և պատմական քայլ կլինի թյուրքական աշխարհի ինտեգրման համար». Աքշեներ

«Հիմա մեր առջև տարածաշրջանում խաղաղության և կայունության համար շատ կարևոր հնարավորություն կա։ Եթե այդ հնարավորությունը ճիշտ գնահատվի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ և անխափան հաղորդակցություն կապահովվի և այդպիսով պատմական քայլ կլինի թյուրքական աշխարհի ինտեգրման համար։ Բացի այդ, Զանգեզուրի միջանցքի բացումը և Միջին միջանցքի հետ կապվելը մեծ օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսություններին՝ ներառյալ Հայաստանը։
Ավելին, եթե դրան հնարավոր լինի հասնել, ապա հեշտությամբ կարող ենք ասել, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը նորմալ և օրինական գործընթացով կհասնի առողջ արդյունքի»,-հոկտեմբերի 11-ին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» («İYİ») կուսակցության նախագահ Մերալ Աքշեները։
Իր էությամբ «Զանգեզուրի միջանցքը» համընկնում է Թուրքիայի՝ տարածաշրջանում ունեցած աշխարհաքաղաքական մեծ հավակնությունների հետ. ձեռք բերելով անխափան ցամաքային կապ Ադրբեջանի հետ՝ Անկարան հնարավորություն է ստանում ոչ միայն էլ ավելի ամրանալ Հարավային Կովկասում, այլև դառնալ տարածաշրջանային գերտերություն, որի անմիջական ազդեցության գոտում կհայտնվեն թե՛ Կովկասը, թե՛ Միջին Ասիան և թե՛ Մեծ Մերձավոր Արևելքի այլ ենթաշրջաններ։