Բաժիններ՝

Իրանը հույս ունի շուտով սկսել «Գազպրոմի» հետ 40 միլիարդ դոլարի նախագծերի իրականացումը

Իրանը «Գազպրոմ»-ի հետ 40 միլիարդ դոլարի համատեղ նախագծեր է որոշել, արդեն ավարտում է բանակցությունները և ակնկալում է շուտով կենսագործել այդ նախագծերը: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում։

«Մենք որոշեցինք շատ լավ նախագծեր, լավ բանակցություններ վարեցինք «Գազպրոմ»-ի հետ և հասանք լավ փոխըմբռնման: Մենք աստիճանաբար ավարտում ենք (բանակցությունները) թե՛ նավթի, թե՛ գազի հանքավայրերի զարգացման, թե՛ հեղուկացված բնական գազի օբյեկտների ստեղծման վերաբերյալ: Մենք նախատեսել ենք ավելի քան 40 միլիարդ դոլարի ծրագրեր, մոտ ապագայում դրանք կտեղափոխենք գործնական հարթություն», – ասել է նա։

Հոկտեմբերի 11-ին համաժողովի շրջանակներում Ջավադ Օուջին աշխատանքային հանդիպում է ունեցել «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ։ Կողմերը քննարկել են համաշխարհային էներգետիկ օրակարգը և «Գազպրոմի» և National Iranian Oil Company-ի (NIOC) փոխգործակցության հեռանկարները:

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Իրանը հետաքրքրվում է Ռուսաստանից գազի մատակարարումներով, և որ այդ հարցը քննարկվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս