«Արդյո՞ք դա չի եղել հենց թուրքական հետախուզությունը, արդյո՞ք հենց այդտեղ չէ հարձակումից ժամեր առաջ Բլինքեն-Ֆիդան հեռախոսազրույցի «գաղտնիքը» կամ «ինտրիգը»». Բադալյան

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետքարտուղար Բլինքենը մեկնում է Իսրայել՝ Թել Ավիվին աջակցելու, միաժամանակ ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի հնարավոր մասշտաբային հետագա ծավալումը կանխելու համար:

Գրառումս թող չխլի, իհարկե, ժամանակն այն օգտատերերի, որոնք քաղաքականությունը պատկերացնում են՝ «Արարատ հուպ տուր, Դինամոյին կուլ տուր» տրամաբանության շրջանակում:

Երկու օր առաջ եթերում նշեցի, որ կարեւոր է նկատել փաստորեն ՀԱՄԱՍ-ի գրոհից առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցը: ՀԱՄԱՍ-ի հարձակման նախօրեին, կամ դրանից ըստ էության ժամեր առաջ տեղի է ունեցել Էնթոնի Բլինքեն-Հաքան Ֆիդան հեռախոսազրույց:

Սա ըստ էության կարելի է համարել ոչ միայն հեռախոսազրույց Թուրքիայի արտգործնախարարի հետ, այլ թերեւս նաեւ հետախուզության ղեկավարի, հաշվի առնելով, որ Ֆիդանը ընդամենը 4-5 ամիս առաջ զբաղեցնում էր հետախուզության ղեկավարի պաշտոնը:

Իսկ այն, որ Թուրքիան միշտ աջակցություն է ցուցաբերել ՀԱՄԱՍԻՆ, Գազայի հատվածին, բոլորովին նորություն չէ: Ավելին, այդ առնչութամբ եղել են պարբերական կոնֆլիկտներ Իսրայելի հետ, եղել է նաեւ 2010 թվականի հայտնի միջադեպը՝ կապված թուրքական նավերի, դրանց հանդեպ իսրայելական ուժի կիրառման հետ:

2016-ից այդ հարաբերությունները փորձեցին կարգավորել, ու կան տեղեկություններ, որ Գազայի հատվածի առնչությամբ Իսրայելն ու Թուրքիան եկան որոշակի պայմանավորվածությունների՝ մասնավորապես ծովային ճանապարհով այդ հատվածի հետ հաղորդակցության մասով: Միաժամանակ, հայտնի է նաեւ, որ ՀԱՄԱՍ-ը բավականին սերտ գործակցել է «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության հետ, որը սերպ կապի մեջ է ոչ միայն բրիտանական հատուկ ծառայությունների, այլ նաեւ Թուրքիայի իշխանության հետ, ընդհուպ նախագահ Էրդողանի:

Էրդողանի եւ ՄԻ6-ի տնօրեն Մուրի սերտ հարաբերությունն էլ նորություն չէ:
Հետեւաբար հարց է առաջանում, Թուրքիան կարո՞ղ էր չիմանալ ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին, դրա նախապատրաստման մասին: Չէ՞ որ այդ մասշտաբի հարձակում պատրաստելու համար պետք են առնվազն ամիսներ, առավել եւս այնպիսի նախապատրաստման համար, որ դա հայտնի չդառնա իսրայելական հետախուզությանն ու հատուկ ծառայություններին:

Ավելին, պետք են ոչ միայն ամիսներ, այլև պետք է թերեւս բավականին զորեղ կարողությամբ հատուկ ծառայությունների «ծածկոց-աջակցություն»:

Եվ արդյո՞ք դա չի եղել հենց թուրքական հետախուզությունը: Ու արդյո՞ք հենց այդտեղ չէ հարձակումից ժամեր առաջ Բլինքեն-Ֆիդան հեռախոսազրույցի «գաղտնիքը» կամ «ինտրիգը»:

Եվ դա այն դեպքում, երբ Նաթանյահուի եւ Բայդենի վարչակազմի փոխհարաբերությունը մեծ հաշվով չի ստացվել հենց սկզբից: Մինչդեռ, ԱՄՆ նախագահի ընտրությանն ընդառաջ, Իսրայելի վարչակազմի սանձումը կարեւոր խնդիր է: Իսկ թե ԱՄՆ նախագահի ընտրությունը ինչ կարեւորություն ունի համաշխարհային մասշտաբով, խոսելը թերեւս ավելորդ է»:

Տեսանյութեր

Լրահոս