Բրիտանիայի արտգործնախարարը ժամանել է Իսրայել՝ աջակցություն հայտնելու Իսրայելի ժողովրդին

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին ժամանել է Իսրայել՝ իր երկրի աջակցությունը հայտնելու Իսրայելի ժողովրդին։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով կառավարության խոսնակին։

«Արտգործնախարարն այսօր ժամանել է Իսրայել՝ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակումներից հետո ցույց տալու Միացյալ Թագավորության անսասան համերաշխությունն Իսրայելի ժողովրդին», – ասել է խոսնակը։

Ըստ հաղորդագրության՝ Քլևերլին կհանդիպի հարձակումներից փրկվածների, ինչպես նաև Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ընդգծելու Մեծ Բրիտանիայի աջակցությունը սեփական երկիրը պաշտպանելու՝ Իսրայելի իրավունքին։

Վերջին 4 օրերին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելում զոհերի թիվը հասել է 1200-ի։ Նրանց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Գազայի հատվածում 1055 մարդ է զոհվել իսրայելական ավիահարվածներից։

ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայել ներխուժումից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել և 360 000 պահեստազորայինների զորակոչել։ Գազայի հատվածի հետ սահմանին Իսրայելի պաշտպանության բանակի մեծաթիվ զորքեր են տեղակայվել։

Տեսանյութեր

Լրահոս