Իսրայել-ՀԱՄԱՍ առճակատումը կվերաճի՞ Իսրայել-Իրան բախման․ ինչի՞ց պետք է զգուշանա Հայաստանը․ իսրայելցի վերլուծաբանը ներկայացնում է իրավիճակը և հնարավոր զարգացումները

«Իսրայելի պատերազմը «Համաս»-ի դեմ օրերի հարց չէ, այն կարող է երկար տևել»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց «Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, իսրայելցի վերլուծաբան Ալեքսանդր Ցինկերը՝ անդրադառնալով Իսրայել-ՀԱՄԱՍ արմատական ահաբեկչական խմբավորման միջև վերսկսված ռազմական գործողություններին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ ցամաքից, օդից և ջրից։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իր հերթին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի հարավային շրջանների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժմանը ռազմական պատասխանը կփոխի Մերձավոր Արևելքի դեմքը:

Ըստ նրա, Իսրայելը պատրաստվում է վերջնական ջախջախել այս խմբավորմանը։ Նա նշել էր, որ Իսրայելը ռազմական արշավի կիզակետում է` հավելելով, որ դժվար օրերը դեռ առջևում են:

Ալեքսանդր Ցինկերն ասաց, որ ռազմական գործողությունները շարունակվում են, հայտարարվեց, որ Իսրայելի ողջ տարածքը մաքրվել է ահաբեկիչներից, հայտնաբերվել է 1500 սպանված ահաբեկիչ, իսկ թե որքան են վիրավորները և գերիները, բանակը չի հայտարարել։ հաստատվել է Գազայի հատվածի հետ սահմանը, գիշերները շարունակվում է Գազայի հատվածի հրթիռակոծումը, փորձում են վերացնել բոլոր պահեստները, շտաբները, պետական կառույցները և այլն, ինչպես նաև հայտարարվել է պահեստայինների հավաք, երկու օրվա ընթացքում հավաքվել է 340 հազար պահեստային, ևս 60 հազար պահեստային ներկայացել են, սակայն նրանց ասվել է, որ դեռ կարիք չկա։

«Նախապատրաստվում է ցամաքային օպերացիա, որի սկսվելուց հետո արդեն պարզ կդառնա, թե որքան կերկարաձգվի այս ամենը, քանի որ Իսրայելի վարչապետը հայտարարել է ՀԱՄԱՍ-ը ջախջախելու նպատակ ունենալու մասին։ Սրանք ռազմական նորություններն են։ Ինչ վերաբերում է քաղաքականին, ապա ձևավորվում է Ազգային միասնության կառավարություն, ընդդիմության ներկայացուցիչները կմտնեն կառավարության կազմ, որպեսզի ժողովուրդը միավորվի Կառավարության շուրջ, նույնիսկ նման արտահայտություն է շրջանառվում՝ «եթե եվրեյներին չի միավորում երակներում հոսող արյունը, ապա կմիավորի վերքերից հոսող արյունը»։ Կառավարության կողմից դրված նպատակները մեծ են։ ՀԱՄԱՍ-ը պետք է վերացվի, թե որքան ժամանակ հարկավոր կլինի սրա համար՝ բարդ է ասել»,- ասաց Ցինկերը։

Խոսելով Իսրայել-Իրան հնարավոր սրացման մասին՝ իսրայելցի վերլուծաբանն ասաց, որ Իսրայելի զորքերը նաև հյուսիսին են մոտեցել, քանի որ «Հըզբոլլահ»-ը երկու օր առաջ կրակահերթեր է արձակել, Իսրայելը պատասխանել է, պաղեստինյան մի քանի ահաբեկիչներ, որոնք դրանով էին զբաղվում, վերացվել են, ԱՄՆ-ը, Արաբական Միացյալ էմիրությունները և ևս մի քանի երկիր դիմել են «Հըզբոլլահ»-ին, որպեսզի նրանք չխոչընդոտեն այն առճակատմանը, որն այսօր կա ՀԱՄԱՍ-ի ու Իսրայելի միջև և չմիջամտեն ռազմական գործողություններին։

«Այդ նպատակով ԱՄՆ-ը Լիբանանի և Իսրայելի ափերին է մոտեցրել ավիակիր, ես չեմ կարծում, որ սա օգտագործվելու է, բայց սա աջակցության և ուժի ցուցադրություն էր։ Եթե Իրանն իր պրոքսի ուժերին՝ մասնավորապես «Հըզբոլլահ»-ին չոգևորի, ապա բնականաբար Իսրայելի Հյուսիսում ոչ մի նոր առճակատում «Հըզբոլլահ»-ի հետ, առավել ևս Իրանի հետ, չի լինի։ Իսրայելը ներկայումս դրանում հետաքրքրված չէ, կարծում եմ՝ Իրանը ևս այդքան էլ հետաքրքրված չէ։ Իրանն, ընդհակառակը՝ ցանկանում է ազատվել այն պատժամիջոցներից, որոնք իր վրա դրված են, իսկ հիմա արդեն արևմտյան աշխարհի ներկայացուցիչները հայտարարում են, որ պետք է դիտարկել Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցներ մտցնելու հարցը, քանի որ գաղտնիք չէ, որ «Հըզբոլլահ»-ի թիկունքում նաև Իրանն է կանգնած։ Չեմ կարծում, որ այս ամենը մի քանի օր կպահանջի, ավելի երկար կտևի, քանի որ միայն «Համաս»-ի մարտիկները մոտավորապես 40 հազար են, հայտարարվել է նրանց բոլորին վերացնելու մասին, երբ սկսվի ցամաքային գրոհը, կտեսնենք, թե ինչպես այն կընթանա»,- ասաց Ալեքսանդր Ցինկերը։

Անդրադառնալով Ռուսաստանի դերակատարությանը, իսրայելցի վերլուծաբանն ասաց, որ խոսակցություններ կան, որ սա ձեռնտու է Ռուսաստանին, որ սա երկրորդ ճակատ է, և որ Ռուսաստանին ձեռնտու է՝ Արևմուտքի և աշխարհի ուշադրությունն Ուկրաինայից շեղվի դեպի Մերձավոր Արևելք և Իսրայել, սակայն նման տվյալների դժվար է տիրապետել և պնդել, որ ՌԴ-ն ունի միջամտություն այս ամենին։

«Սակայն պետք է նաև նշել, որ ՌԴ ղեկավարությունը հաճախ է հանդիպում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ, ինչպես նաև ՌԴ-ն չարտահայտեց այն աջակցությունը և ցավակցության այն խոսքերը, որը հնչեց ամբողջ աշխարհից, նրանք պարզապես ասացին, որ փոխհրաձգությունը պետք է դադարեցնել և խաղաղ լուծում գտնել՝ դրանով նրանք հավասարության նշան դրեցին Իսրայել պետության և ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման միջև։ Կան Ռուսաստանում գործիչներ, որոնք աջակցում են ՀԱՄԱՍ-ին, ու կարող է այնպես ստացվել, որ պարզվի, որ ՌԴ-ն մեզ հետ չէ։ «Հըզբոլլահ»-ն Իրանի պրոքսին է, Իրանը Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ Իսրայելը ԱՄՆ-ի դաշնակիցն է, եթե սա դիտարկենք, ստացվում է, որ այստեղ շահերի անջատում է առաջանում Ռուսաստանի ու Իսրայելի միջև։

Անդրադառնալով Իսրայելում տեղի ունեցողի ֆոնին Ադրբեջանի դիրքավորմանը՝ Ցինկերն ասաց, որ Ադրբեջանից կարելի է վտանգներ սպասել, որը կարող է այն աղմուկի ներքո, ինչն առկա է Իսրայելում, ինչ-որ գործողություններ նախաձեռնել Հայաստանի դեմ։

«Ադրբեջանից ինչ-որ բաներ պետք է սպասել ու միշտ՝ անկախ զարգացումներից, քանի որ նրանք մի կողմից հայտարարում են, որ պատրաստ են ստորագրել համաձայնագիր, բայց մյուս կողմից՝ անընդհատ նորանոր պայմաններ ու պահանջներ են առաջ քաշում, այնպես որ՝ պետք է պատրաստ լինել բոլոր դեպքերում, իսկ Մերձավոր Արևելքում այս նոր զարգացումների ֆոնին առավել զգոն, քանի որ այդ «աղմուկի» ներքո Ադրբեջանը կարող է փորձել օգտվել»,- ասաց Ցինկերը։

Տեսանյութեր

Լրահոս