«Մեկ ամսից ավելի է՝ հայրիկիցս՝ Վագիֆ Խաչատրյանից, որևէ տեղեկություն չունեմ». Վերա Խաչատրյան
Ամիսներ առաջ Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջից առևանգված Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի հարազատներն իրենց հույսը չեն կորցրել, որ Վագիֆ Խաչատրյանը կվերադարձվի հայրենիք։
Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը հոկտեմբերի 2-ին Բաքվում ավարտվել է, գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան։
Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ երբեք իրենց հույսը չեն կորցնում, որ իրենց հայրը հայրենիք կվերադառնա։
«Չնայած ադրբեջանական դատարանից հույսեր չունեմ, բայց հավատում եմ, հավատս երբեք չեմ կորցրել, որ իմ հայրիկը կվերադառնա հայրենիք։ Քանի որ տեսա, որ իմ հայրենակիցներն այդ կամրջով անցան և հասան Հայաստան, ինչի համար շատ ուրախ եմ, սա ինձ հույս է ներշնչում, և կարծում եմ՝ իմ հայրիկին էլ պետք է վերադարձնեն։
Ինքս մեկ ամսից ավելի է՝ հայրիկիցս որևէ տեղեկություն չունեմ»,- նշեց Վերա Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ մոտ օրերս հավանաբար Կարմիր խաչի ներկայացուցիչները կայցելեն Վագիֆ Խաչատրյանին, ակնկալում է, որ նրանց այցի ժամանակ կխոսի հոր հետ։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի մոտ տեղադրված ապօրինի անցակետից առևանգել էր Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով Կարմիր խաչի ուղեկցությամբ գալիս էր Երևան՝ սրտի անհետաձգելի վիրահատության ենթարկվելու համար։
Ադրբեջանի ոստիկանությունը Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց հետո նրան տարել էր անհայտ ուղղությամբ՝ արգելելով, որպեսզի Կարմիր խաչի որևէ ներկայացուցիչ կամ նրա դուստրը, ով ուղեկցում էր հորը, գնան նրա հետ: Կարմիր խաչի ներկայացուցչի նկատմամբ, ով փորձել էր խոչընդոտել Խաչատրյանին ապօրինաբար տեղափոխել՝ ադրբեջանցիները սպառնացել էին ուժ գործադրել։
Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց հետո Ադրբեջանը նրան անհեթեթ մեղադրանքներ առաջադրեց, թե, իբր վերջինս զինվորական է եղել, 90-ականներին ադրբեջանցիների դեմ «հանցագործություններ» է իրականացրել։