Պաղեստինցիները փորձում են փոփոխվող աշխարհակարգի պայմաններում բոլորի ուշադրությունը սևեռել իրենց հիմնախնդրի վրա. արաբագետի վերլուծությունը
Արաբագետ, վերլուծաբան Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ պաղեստինա-իսրայելական վերջին սրացման պատճառն ավելի գլոբալ իրողությունների հետևանք է, այսինքն՝ տեղի է ունենում աշխարհակարգի փոփոխություն, որն առանձնակի ազդեցություն է ունենում տարբեր տարածաշրջանների վրա, և այդ համատեքստում պաղեստինցիները` որպես նախորդ աշխարհակարգի ամենաակնառու տուժածներից մեկը, աննախադեպ լայնամասշտաբ գործողությունների միջոցով հիշեցնում են իրենց ութ տասնամյակ շարունակվող հիմնախնդրի մասին։
Նշենք, որ Իսրայելի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ իսրայելական բանակը գիշերը կործանիչներով, ուղղաթիռներով և հրետանիով հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի՝ Գազայի հատվածում տեղակայված ավելի քան 500 թիրախի։ Ըստ գերատեսչության խոսնակի՝ մարտերը շարունակվում են 7 կամ 8 վայրերում․ ՀԱՄԱՍ-ի հարձակումից երկու օր անց Իսրայելում զոհերի թիվը հասել է 700-ի, շուրջ հարյուր մարդ գերի է վերցվել։ Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 400-ը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ վերջին սրացման հետ կապված մյուս կարևոր հանգամանքը տարածաշրջանային զարգացումներն են։
«ԱՄՆ-ի կողմից ակտիվ ջանքեր են իրականացվում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որի առանցքային բաղադրիչներից մեկն է պաղեստինյան խնդիրը։ Նախկինում Սաուդյան Արաբիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման առաջնային նախապայման էր համարում պաղեստինյան հիմնախնդրի հանգուցալուծումը։ Ներկայումս, ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկատվության, արաբական երկրի դիրքորոշումներում արձանագրվել է փոփոխություն, ըստ որի՝ Էր-Ռիադն ընկրկել է նախկին պահանջներից՝ ուրանի հարստացման հնարավորություն ստանալու դիմաց։ Հիմա, որպեսզի պաղեստինցիները և հատկապես Գազայի հատվածում գործող խմբավորումները թույլ չտան, որ հերթական ռազմավարական կորուստը լինի, ինչպես եղավ 2019-20 թվականների «աբրահամյան համաձայնագրերի» ստորագրման արդյունքում պաղեստինյան հիմնախնդրի անտեսման եղանակով, հիմա նման գործողություն իրականացնելով՝ պաղեստինցիներն ամբողջ աշխարհի ուշադրությունն են սևեռում իրենց հիմնախնդրի վրա և վերստին միջազգային օրակարգ են մղում տասնայմակներ շարունակ չկարգավորված մերօրյա ամենաարյունալի հակամարտությունը»,- ասաց արաբագետը։
Պետրոսյանը Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունների և Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումների միջև կապ չի տեսնում, որքան էլ սրված լինեն հարաբերություններն Իսրայելի և Իրանի միջև։ Նա ընդգծեց, որ ՀԱՄԱՍ-ի հիմնական արտաքին հովանավորներն են Թուրքիան և Քաթարը, հիմնական ֆինանսավորողը՝ «Իսլամական Ջիհադ»-ը, իսկ Իրանն այդ խմբավորմանն աջակցում է զուտ տեխնոլոգիաներով։
«Այս պահին տարածաշրջանում ստեղծված լրջագույն իրողությունների համապատկերում Իրանն ամեն կերպ խուսափում է հնարավոր նոր ռազմական էսկալացիայից, հետևաբար Իրանը որևէ շահագրգռվածություն չունի պատճառ հանդիսանալ կամ դրդել իր կողմից աջակցություն ստացող խմբավորումներին ռազմական էսկալացիայի, որը կարող է լրջագույն հետևանքներ ունենալ նաև իր համար։ Իրանը, խուսափելով ռազմական առճակատումից, փորձում է միշտ դիվանագիտական խողովակներով հասնել խնդիրների լուծման։ Դրա վառ օրինակն Ադրբեջանի հետ հարաբերություններն են, որոնց շուրջ երկու տարի շարունակվող ճգնաժամի պայմաններում Թեհրանը, նախաձեռնողական քաղաքականություն դրսևորելով, անընդհատ ձգտում է կառավարելի պահել իրավիճակը և բարելավել հարաբերությունները, թեև ակնարկում է հարևան երկրում իսրայելական ներկայության առթիվ իր անհամաձայնության մասին»,- նշեց վերլուծաբանը։
Պետրոսյանի կարծիքով՝ թեև պաղեստինա-իսրայելական հակամարտությունն ԱՄՆ-ն և մյուս հակառակորդները կարող են օգտագործել Իրանի դեմ, այդուհանդերձ Թեհրանում պարզ գիտակցում են, որ փոփոխվող աշխարհակարգի պայմաններում տարբեր տարածաշրջանների լոկալ բախումները կարող են պայթունավտանգ լինել և մասնավորապես Հարավային Կովկասում էական վնաս հասցնել Իրանին, ուստի արկածախնդրությունը բացառվում է։
«Նշված հակամարտության կարգավորման գործում մշտապես միջնորդ է եղել Եգիպտոսը, և այս պահին էլ նրա ու Քաթարի միջոցով փորձ է արվում բանակցային գործընթաց նախաձեռնել հումանիտար խնդիրների շուրջ։ Բայց հաշվի առնելով, որ վերջին առճակատման հետևանքները բավականաչափ մեծ են, ուստի Իսրայելը կփորձի լայնամասշտաբ ու ցավոտ հարված հասցնել ՀԱՄԱՍ-ին, քանի որ իր կորուստները շատ մեծ են։ Նման կորուստներ Իսրայելն ունեցել է հիսուն տարի առաջ «դատաստանի օրվա պատերազմի» ժամանակ, երբ դիմակայում էր միաժամանակ երկու արաբական երկրների։ Իսրայելի գործող իշխանությունը փորձելու է արտաքին ասպարեզում վերականգնել իր իմիջը, ինչպես նաև ռազմական գործողությունը հետագայում օգտագործել ներքաղաքական օրակարգի համար»,- եզրափակեց վերլուծաբանը։
Մանվել Մարգարյան