Բաժիններ՝

ԱՀԿ-ում հայտնել են, որ դենգե տենդը Եվրոպայում և ԱՄՆ-ում կտարածվի արդեն այս տասնամյակում

Մինչև ընթացիկ տասնամյակի վերջը դենգե տենդը կտարածվի ԱՄՆ-ի հարավում, Հարավային Եվրոպայում և Աֆրիկայի այնպիսի հատվածներում, որտեղ նախկինում այս հիվանդության դեպքեր չեն գրանցվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտական աշխատակից Ջերեմի Ֆարարը հայտնել է, որ դա տեղի կունենա կլիմայի տաքացման ֆոնին, որը բարենպաստ պայմաններ է ստեղծում վարակը տարածող մոծակների բազմացման համար։

«Մենք պետք է պատրաստենք երկրներին այն բանին, թե ինչպես են նրանք հաղթահարելու (խմբ․՝ առողջապահական համակարգի վրա) լրացուցիչ ճնշումը, որը կառաջանա ապագայում շատ ու շատ խոշոր քաղաքներում», – ասել է մասնագետը Reuters-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով` դենգե տենդը կարող է տարածվել և դառնալ էնդեմիկ Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Աֆրիկայի որոշ մասերում` այն բոլոր տարածաշրջաններում, որտեղ արդեն նկատվել է վարակի որոշ սահմանափակ տեղային փոխանցում:

Ինչպես նշում է գործակալությունը, դենգե տենդն արդեն վաղուց լուրջ խնդիր է Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասի համար, որտեղ տարեկան մոտ 20 000 մարդ է մահանում այդ հիվանդությունից։ 2000 թվականից ի վեր հիվանդացության ցուցանիշներն ամբողջ աշխարհում աճել են 8 անգամ: 2022 թվականին պաշտոնապես գրանցված դեպքերի թիվը հասել է 4,2 միլիոնի․ ընդ որում, հիվանդության շատ դեպքեր առողջապահական մարմինները չեն գրանցում, քանի որ տենդը հաճախ ընթանում է առանց ախտանիշների։

Բացի կլիմայի փոփոխությունից, վարակի տարածման հիմնական գործոնները ներառում են բնակչության տեղաշարժի ավելացումը և ուրբանիզացիան:

Այժմ դենգեի ամենախոշոր բռնկումներից մեկը Բանգլադեշում է, որտեղ տենդից արդեն ավելի քան 1000 մարդ է մահացել։

Դենգե տենդը գերակշռում է արևադարձային և մերձարևադարձային կլիմա ունեցող երկրներում։ Վիրուսի տարածողներն էգ մոծակներն են։ ԱՀԿ-ն նշում է, որ վերջին տարիներին հիվանդությունն սկսել է արագորեն տարածվել բոլոր տարածաշրջաններում։ Վարակման դեպքերի թիվը գնահատվում է տարեկան 100-400 մլն։ ԱՀԿ-ի տվյալներով՝ դեպքերի ավելի քան 80 %-ը, որպես կանոն, ընթանում է թեթև կամ առանց ախտանիշների, բայց վիրուսը կարող է առաջացնել սուր շնչառական հիվանդություն, որը կարող է հանգեցնել մահացու բարդությունների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս