«Ինչպե՞ս է Ալիևին հաջողվում հասնել այս ամենին. Նիկոլ Փաշինյանի միջոցով, եկեք նայենք փաստերին». Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալությունը դա ուղղակի անձերի ձերբակալություն չէ: Մի կողմ պետք է թողնել ցանկացած անձնավորված վերաբերմունք նրանց հանդեպ ու հասկանալ, թե ինչ նպատակ է հետապնդում Բաքուն այդ ձերբակալություններով:
Եթե նայենք առաջադրվող մեղադրանքներին, ապա կարմիր թելի պես անցնում է «ահաբեկչություն» հոդվածը: Արցախի դեմ հարձակումներն էլ իրենք որակել են որպես «հակաահաբեկչական» գործողություն: Սա նշանակում է, որ մեր երեսունամյա պայքարը, մեր չկոտորվելու, չցեղասպանվելու, չհայրենզրկվելու պայքարը որակվում է որպես «ահաբեկչական» պայքար:
Արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանը կազմակերպելու է հրապարակային դատավարություններ՝ մեզ ամբողջ աշխարհի աչքի առաջ նսեմացնելու ու պայքարն արժեզրկելու համար: Իրենք դա իրենց հանրային տիրություն արդեն սկսել են ներկայացնել որպես «նյուրեմբերգյան դատավարություններ»: Այսինքն քնած հային կացնահարողին հերոսացնող, հայի դեմ պետական մակարդակով ատելություն քարոզող բռնապետը մեզ ու մեր պայքարը, դրա հիմքում դրված գաղափարը ներկայացնելու է որպես «ահաբեկչական» ու «ֆաշիստական»:
Ինչպե՞ս է Ալիևին հաջողվում հասնել այս ամենին: Նախ, Նիկոլ Փաշինյանի միջոցով: Եկեք նայենք փաստերին:
Արցախի հարցում «նշաձողի իջեցումը» դա միայն ինքնորոշման իրավունքից հրաժարում չէր, դա ամբողջ արցախյան հակամարտության էության խեղաթյուրում էր:
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը դա զուտ Արցախից հրաժարում չէր, դա Ադրբեջանի դեմ Արցախի պաշտպանվելու իրավունքը որպես «ահաբեկչություն» ներկայացնելու շանս էր Բաքվի համար, ինչն էլ իրենք իրագործեցին:
Երբ ուժի ու ուժի սպառնալիքի ներքո դու գնում ես իրավունքներից հրաժարվելու ճանապարհով, դրա դիմաց դու միայն ստանալու ես ուժի նոր ցուցադրություն: Սա այնքան պարզ իրողություն է, որ անհնար է չհասկանալ: Բայց Փաշինյանը գնացել է հենց այդ ճանապարհով:
Նույն հաջողությամբ Ալիևն օգտագործելու է Փաշինյանի քայլերը մեր երկիրը որպես «ագրեսոր» ներկայացնելու համար: Ընդ որում, մեզ «ագրեսոր» երբեք չեն համարել միջազգային ասպարեզում, առաջին անգամ դա շրջանառության մեջ դրեցին հենց ՔՊ-ական պատգամավորները: Դրա համար Ադրբեջանը ներկայացնելու է ֆինանսական կոնտրիբուցիայի պահանջ ՀՀ-ից, արդեն խոսվում է դրա մասին: Այդ ամենն արվում է հենց Փաշինյանի օգնությամբ:
Դրա հետ մեկտեղ այս պահին ամբողջ աշխարհի աչքի առաջ մի հայատյաց դիկտատոր ուղղակի արժեզրկում է ՀՀ քաղաքացու անձնագիրը: Ալիևը փորձում է հասնել նրան, որ Ադրբեջանի դեմ հանդես եկող ցանկացած ՀՀ քաղաքացի իրեն վտանգված զգա, մտածի, որ կարող է վաղը, մյուս օր հայտնվել Բաքվում ու իր պետությունը ոչինչ չի անելու իրեն ազատ արձակելու համար: Կարճ ասած՝ մեզ փորձում են պահել շարունակական վախի, անորոշության, տագնապի ու նվաստացման հոգեվիճակում:
Ես երբեք չեմ գնացել դավադրապաշտական տեսությունների հետևից, բայց ավելի քան ակնհայտ է արդեն Ալիև-Փաշինյան քայլերի սինխրոնիզացիան: Ինչպես է Փաշինյանը «պաս» տալիս ու ինչպես է այդ քայլն Ալիևն ուղղում հայոց պետականության դեմ:
Բնական է դրան զուգահեռ Ալիևը պայմանավորվում է բոլոր մեծ և փոքր խաղացողների հետ, ձևավորում մեր դեմ կոնսեսուսներ ու գնում հարձակման:
Օրինակ, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի լռության ու ՌԴ աջակցության ներքո Արցախը հայաթափվեց: Լռության դիմաց պետք է Ալիևը գնար «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը արևմտյան մոդելով, փոխարենը Ալիևն առհասարակ հրաժարվեց մեկնել Գրանադա: Երբ Միշելն Ալիևից պահանջել է ասել, որ ՀՀ-ի դեմ չունի տարածքային հավակնություն, Ալիևն ուղղակի ասել է, որ չի գալու հանդիպման:
Մտածված, վտանգավոր քայլերի հաջորդականություն, որոնք կործանարար են դառնում մեր պետության համար: Կրկնում եմ, որ լուծումը Փաշինյանի հեռացումն է ու պրոոֆեսիոնալ, պետականամետ, դրսում տերեր չփնտրող մարդկանց միավորումը, հակառակ դեպքում՝ կանգնելու ենք պետականության կորստի առաջ»: