«Հայերին ասում էինք` եկեք փոխզիջում գտնենք». Պուտինը` ԼՂ իրադարձությունների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները` կրկին հայտարարելով, որ ժամանակին հայկական կողմին փոխզիջումներ են առաջարկվել։ Նա այդ մասին ասել է «Վալդայ» բանավիճային ակումբի նիստում։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը վերջին 15 տարիներին հայ ընկերներին առաջարկել է փոխզիջման գնալ՝ Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղի հինգ շրջանները, երկուսը պահել և այդպիսով պահպանել տարածքային կապը Հայաստանի և Ղարաբաղի միջև: Բայց հայ գործընկերներն ասել են. «Ո՛չ, դա մեզ համար որոշակի սպառնալիքներ կստեղծի»:
«Մենք մեր հերթին ասում էինք՝ լսեք, Ադրբեջանն աճում է, տնտեսությունը` զարգանում, դա նավթագազային երկիր է, այնտեղ 10 միլիոն բնակչություն կա։ Եկեք համեմատենք ներուժը: Քանի դեռ կա այդ հնարավորությունը, պետք է գտնել այդ փոխզիջումը։ Մենք մեր հերթին համապատասխան որոշումներ կկայացնենք Անվտանգության խորհրդում, կերաշխավորենք Լաչինի միջանցքի անվտանգությունը», – նշել է ՌԴ նախագահը։
Սակայն հայկական կողմը նախկինի պես մերժել է և խոսել պայքարելու մտադրության մասին։