ՀՅԴ Բյուրոն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին և ներկա պետական այրերի ձերբակալությունը
ՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին և ներկա պետական այրերի ձերբակալությունը, որոնց մեջ է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը, նշված է ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարության մեջ։
«21-րդ դարում ամբողջ մարդկության, գերպետությունների և միջազգային, այսպես կոչված, իրավունքների պաշտպան կազմակերպությունների աչքի առջեւ Արցախում տեղի է ունենում ցեղասպանություն, եւ մի ամբողջ ժողովրդի հայրենազրկում։
Դավադիր պայմանավորվածությունների ու լուռ համաձայնությունների պայմաններում Ադրբեջանի հանցավոր ռեժիմը փորձում է Արցախի Հանրապետության կազմալուծման եւ արցախահայության հայրենազրկման գործընթացն անշրջելի դարձնել։ Այս համատեքստում Արցախի Հանրապետության գործող եւ նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարության մի շարք ղեկավարների գերեվարումը եւ կեղծ մեղադրանքներով կալանավորումը հերթական աղաղակող ապօրինությունն է եւ հեռու գնացող նպատակներ ունի։
Այս հարցը ոչ միայն քաղաքական, այլեւ ազգային նշանակություն ունեցող եւ արժանապատվության հարց է։ Իրավական գործիքակազմերը կարևոր, բայց բավարար չեն գերեվարված գործիչների ազատման համար։
Առաջին հերթին Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները, բայց նաեւ ամբողջ աշխարհի ազդեցիկ հայկական շրջանակները պետք է գործադրեն քաղաքական եւ դիվանագիտական բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու համար։
Ալիևյան վարչակարգի հանցավոր գործունեությունը, ուժի կիրառման սպառնալիքով էթնիկ զտումների ցեղասպան քաղաքականությունը չի կարող եւ չպետք է անհետեւանք ու անպատիժ մնալ»։