Արցախահայության ցեղասպանության հարցում ԱԳ նախարարն ու Փաշինյանը ԱԺ-ում կրկին միմյանց հակասեցին

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահ է, որ Ադրբեջանի հետ առկա բոլոր հարցերը և տարիներ շարունակ կուտակված խնդիրները պետք է լուծել քաղաքական ճանապարհով՝ խաղաղ բանակցությունների միջոցով։ Միրզոյանն այս մասին ասաց Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ։

«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ խաղաղությունը Հարավային Կովկասում այլընտրանք չունի։ Ցավոք, մենք շարունակաբար տեսնում ենք, որ կողմերից մեկը չի կիսում այդ մոտեցումը և պարբերաբար դիմում է ուժի կիրառման կամ հանդես է գալիս ուժի կիրառման սպառնալիքով։ Ավելին, օրեր առաջ ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության նկատմամբ ռազմական գործողություններին, որի հետևանքով տեղի ունեցավ բռնի տեղահանություն։ Եվ այժմ Լեռնային Ղարաբաղում գրեթե հայ չի մնացել։ Սա էթնիկ զտումների քաղաքականության ցայտուն վառ դրսևորում է։ Սա իրողություն է, որը ողջ աշխարհը տեսել է։ Միջազգային զանազան ատյաններում կան ընթացակարգեր, որտեղ Հայաստանի Հանրապետությունը սահմանված կերպով հետամուտ լինելու է։

Այնուամենայնիվ, ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ Հայաստանի Հանրապետությունը ինչպես եղել է, այնպես է շարունակում է մնալ հավատարիմ Հարավային Կովկասում խաղաղություն կառուցելու իր հանձնառությանը»,- նշեց Միրզոյանը։

ԱԳ նախարարի կարծիքով՝ Հարավային Կովկասում խաղաղություն ունենալու հնարավորություն դեռ կա։

«Այդ խաղաղությունը կարող է լինել մեր կողմից հանրահռչակված սկզբունքների հիման վրա․ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչում են տարածքային ամբողջականությունը՝ խորհրդային շրջանի ամենաթարմ, լեգիտիմ քարտեզների հիման վրա, որից հետո կիրականացվի սահմանազատման գործընթացը։ Մի բան, որի վերաբերյալ կողմերը մի քանի անգամ պայմանավորվել են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հանդիպումների ժամանակ»,- ասաց Միրզոյանը։

Միևնույն ժամանակ, ԱԳ նախարարը ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր հասու և սահմանված միջոցներով հետամուտ է լինելու նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանությանը։

Տեսանյութեր

Լրահոս