
Նիգերում առնվազն 60 զինվոր է զոհվել` ենթադրաբար, ջիհադիստների հարձակման հետևանքով

Նիգերի առնվազն 60 զինվորական է զոհվել հարձակման հետևանքով, որը, ենթադրաբար, իրականացվել է ջիհադիստների կողմից: Այս մասին հայտնում է RFI ռադիոկայանը՝ հղում անելով աղբյուրների։
Ավելի վաղ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել էր 29 զոհի մասին։ Սակայն ըստ RFI-ի վկայակոչած ականատեսների՝ կորուստները կազմել են առնվազն 60 մարդ: Ռադիոկայանի տվյալներով՝ Նիգերում եռօրյա ազգային սուգ է հայտարարված։
Հուլիսի 26-ին Նիգերի նախագահական գվարդիայի մի խումբ զինվորականներ խռովություն կազմակերպեցին՝ պաշտոնանկ անելով նախագահ Մոհամեդ Բազումին: Երկրի կառավարման համար ստեղծվել է Հայրենիքի փրկության ազգային խորհուրդ՝ գվարդիայի հրամանատար Աբդուրահման Թիանիի գլխավորությամբ։
Հեղաշրջման կազմակերպիչները չեղարկել են Ֆրանսիայի հետ ռազմական համաձայնագրերը։
Սեպտեմբերի վերջին Ֆրանսիան հայտարարեց իր դեսպանին Նիգերից հետ կանչելու և իր զորակազմը երկրից հանելու մասին։ Ֆրանսիան Նիգերում ունի մոտ 1500 զինվորական՝ որպես Սահելի տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի մաս։ Ֆրանսիական զորքերը Նիգերից պետք է հեռանան առաջիկա շաբաթներին և ամիսներին։