
Իրանում մեկնարկել են ԱԹՍ-ների լայնածավալ զորավարժություններ

Իրանական բանակը մեկնարկել է լայնածավալ զորավարժություններ, որոնց մասնակցում են ռազմական անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
ԱԹՍ-ների զորավարժությանը մասնակցում են բանակի չորս ստորաբաժանումների՝ ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը:
Համատեղ զորավարժություններն անցկացվում են ամբողջ Իրանում՝ Պարսից ծոցի ջրերից մինչև երկրի հյուսիսային շրջաններ, դրանց մասնակցում է շուրջ 200 տարբեր ԱԹՍ։
Ըստ փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարիի՝ Իրանի բանակն օգտագործել է հայրենական արտադրության զանազան անօդաչուներ, այդ թվում՝ «Չամրոշ», «Յասիր», «Սադեկ», «Պելիկան», «Աբաբիլ», «Քաման-12», «Յազդան» և «Մոհաջեր»՝ ցամաքային, ծովային և օդային սահմանները, ինչպես նաև միջազգային ջրերը վերահսկելու համար։
Tasnim-ը շեշտում է, որ Իրանը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել ԱԹՍ-ների արտադրության ոլորտում։ Օգոստոսին Իրանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել էր, որ եվրոպական մի շարք երկրներ դիմել են Իրանին՝ ԱԹՍ-ներ գնելու համար։