Ինչո՞ւ Արևմուտքը չկանխեց Արցախի բռնի հայաթափումը ու չկիսեց արցախցիների «ցավը», ինչպես ուկրաինացիների դեպքում

Անցնող տասնօրյակը և այդ ընթացքում Արցախի աղետալի հայաթափումը, թերևս, կարելի է համարել ամենածանր ու ողբերգական էջերից մեկը հայոց պատմության ընթացքում։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը 44-օրյա պատերազմից հետո դարձավ այն կետը, որից այն կողմ առանց Հայաստանի Հանրապետության գործուն, իրական աջակցության՝ Արցախի Հանրապետությունը չկարողացավ այլևս դիմադրել։

Նորություն չէ, իհարկե, որ այս աննախադեպ աղետն ունի բազմաթիվ ներքին պատճառներ ու խնդիրներ, սակայն պակաս չեն նաև արտաքին քաղաքական խնդիրները, որոնց բազմիցս անդրադարձել ենք։ Սակայն կա մի բան, որն էլ ավելի աչքի զարնող էր այս օրերին․ Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհին տեղի ունեցողը՝ հայերի մասշտաբային գաղթն Արցախից՝ իրենց մայր հողից, չշարժեց որևէ առանցքային արևմտյան պաշտոնյայի խիղճը, որևէ մեկը չանդրադարձավ այս իրապես ողբերգական տեսարանին, մարդկային պատմություններին, լուսանկարներին, որոնցով այս օրերին ողողված էին՝ ինչպես տարածաշրջանային, ռուսական, այնպես էլ՝ արևմտյան մամուլի էջերը։

Հարավային Կովկասում 100 հազարից ավելի մարդ զրկվել է իր հայրենիքից, կառուցած տնից, ապագայից, հարազատների գերեզմաններից, և սրան չի անդրադառնում, սա չի հուզում որևէ եվրոպացի կամ ամերիկացի պաշտոնյայի։ Ինչո՞ւ հենց եվրոպացի կամ ամերիկացի, քանի որ հենց նրանք են հանդես գալիս ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից, հենց նրանք են Ուկրաինայում շարունակվող ծանր պատերազմի տարբեր դրվագներից կերտում հումանիտար մեծ պատմություններ, ինչպիսին պատերազմի սկզբում ուկրաինացի փախստականների հոսքն էր դեպի հարևան եվրոպական քաղաքներ, ավելի ուշ արդեն՝ Կիևի դիմադրությունը, ապա՝ Բուչան, և այս շարքը շարունակելի է։

Կարդացեք նաև

Բոլոր այս դրվագներով Արևմուտքը և արևմտյան առաջնորդները ոչ միայն հստակ քաղաքական գործողություններ են նախաձեռնել, այլև եղել են բազմաթիվ այցեր Կիև, գրառումներ սոցցանցերի էջերում, թե ինչպես է Ուկրաինայի ժողովուրդը տառապում Ռուսաստանի գործողություններից, թեև այս դեպքում Ռուսաստան-Ուկրաինա և Բաքու-Ստեփանակերտ դիմակայությունների համեմատությունն իր մասշտաբներով ու ուժային հարաբերակցությամբ տեղին չէ, սակայն արցախցիների «ցավն» Արևմուտքում չկիսեցին։

Ճիշտ է՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգահարեցին Ալիևին և կոչ արեցին դադարեցնել ռազմական գործողությունները, ապահովել արցախահայության իրավունքները և անվտանգությունը, սակայն Ադրբեջանի ռեժիմն իրականացրեց իր վերջնագրային, էթնիկ զտման քաղաքականությունն այդ զանգերից հետո՝ կամ ընդունում եք Ադրբեջանի պայմանները, դառնում Ադրբեջանի քաղաքացի, կամ լքում Արցախը, իսկ արցախցիները ելնելով սեփական անվտանգության նկատառումներից, որոշում կայացրին լքել Արցախը։ Եվ զուտ այս հարցը, 100 հազարից ավելի մարդու կյանքը, հայրենազրկումը չհետաքրքրեց ոչ պետքարտուղար Բլինքենին, ոչ նախագահ Միշելին այն դեպքում, երբ այս երկու պաշտոնյաներն էլ բազմաթիվ գրառումներ են անում իրենց X-ի էջում, անդրադառնում Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական ակտին, վերջերս Հունաստանում, Բուլղարիայում և Թուրքիայում տեղի ունեցած ջրհեղեղներին, Միշելն այցելել էր Սլովենիա ջրհեղեղի հետևանքները և փրկարարական աշխատանքները տեսնելու նպատակով։ Գլխավոր միջնորդների կողմից այս մասով որևէ անդրադարձ չեղավ։

Հարկ է հիշեցնել, որ եղավ հստակ մամուլի հաղորդագրություն ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոյի կողմից․ «Սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողության և դրան նախորդած Լաչինի միջանցքի ամիսներ շարունակված շրջափակման պատճառով այս պահին տեղի է ունենում Ղարաբաղի հայերի զանգվածային գաղթ։ Մարդիկ լքում են իրենց տները Լեռնային Ղարաբաղում և ապաստան գտնում Հայաստանում»։ Ըստ նրա, անհրաժեշտ է անհետաձգելի, շարունակական, անխոչընդոտ մարդասիրական աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր դեռ կարիքի մեջ են Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են: Սակայն նման մասշտաբի աղետի պարագայում սա այն մակարդակը չէ, որով պետք է արվեին անդրադարձներ, ու սա նաև բավարար էլ չէ։

Այս օրերին ՀՀ ժամանեց նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերը, ում գլխավոր ուղերձն այն էր, որ կլինի ԱՄՆ-ից աջակցություն ՀՀ-ում արցախահայությանը, և բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի անկախ դիտորդները և հումանիտար կազմակերպությունները կարողանան հասանելիություն ստանալ և տեղում աջակցություն ցուցաբերեն ծանր կարիքների մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Սա՝ այն իրավիճակում, երբ Արցախը ժամ առ ժամ էր դատարկվում, իսկ ներկայումս վերածվել է ուրվական քաղաքի, ու միայն նախօրեին ՄԱԿ-ի առաքելությունը մուտք գործեց դատարկված Արցախ։ Երեկ առավոտյան առաքելության անդամները մեքենայով անցել էին Աղդամով և ուղևորվել դեպի Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։ «Առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել բնակիչների հումանիտար կարիքները: Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նույնիսկ իրենք՝ եվրոպացիներն են հասկանում, որ ՄԱԿ-ի առաքելությունն Արցախում չափազանց ուշացած էր։ Ֆրանսիական «La Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը «X»-ի իր միկրոբլոգում կոշտ քննադատության էր ենթարկել ՄԱԿ-ի առաքելության ուշացած այցը՝ նշելով․

«ՄԱԿ-ի շատ, շատ, շատ օգտակար առաքելություն՝ Արցախի անապատում, այժմ, երբ նրա գրեթե բոլոր հայ բնակիչները հալածվել են (երբ նրանք չեն սպանվել) ադրբեջանցիների կողմից, և երբ այնտեղ ոչինչ չկա պաշտպանելու՝ բացի հորթերը, կովերը և խոզերը»։ Անհասկանալի է՝ ինչու է Արևմուտքը դիտորդական առաքելության հարցը բարձրացնում տեղահանությունից հետո միայն։ Հարցերը շատ են, պատասխաններ չկան։ Սա ամենևին չի նշանակում, թե հարցեր Ռուսաստանին չկան, հարցերը շատ ավելի շատ են ու դաժան նաև ռուսական կողմին, որի խաղաղապահ առաքելությունը հաստատված է Արցախում և դեռ շարունակում է իր առաքելությունը։ Սակայն ռուսական կողմին կանդրադառնանք առանձին։

168am-ի հետ զրույցում ՌԴ մերձդիվանագիտական շրջանակներից հայտնեցին, որ Արևմուտքի նմանօրինակ պահվածքը հարկավոր էր ռուսական խաղաղապահ կոնտինգենտին «ԼՂ-ում անգործ թողնելու համար»։

Ըստ նրա, եթե Լեռնային Ղարաբաղում մնար բնակչություն, ապա որևէ պարագայում հենց այս փուլում չէր բարձրանա ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ԼՂ-ից դուրս գալու հարցը, իսկ ներկայումս սպասվում է, որ այդ հարցը կբարձրացվի և կծավալվեն նոր բանակցություններ Մոսկվա-Բաքու ձևաչափով, ինչպես օրերս ասաց ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Արևմուտքն օգտվելով այն վիճակից, որում հայտնվել է Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում, իրեն դիրքավորելով՝ որպես Ռուսաստանից ավելի արդյունավետ միջնորդ, աչք փակեց տեղի ունեցողի՝ մարդկանց հեռանալու փաստի վրա, որպեսզի խաղաղապահները հեռանան, հետո Ռուսաստանը հեռանա նաև Հայաստանից, ու ըստ Արևմուտքի՝ Անդրկովկասն ազատվի ռուսական ազդեցությունից։

Եթե Արևմուտքը տեղում խոսեր խնդրից, պետք է տեղում միջամտեր, քայլերի դիմեր, թույլ չտար տեղահանություն, որի պարագայում կոնտինգենտը կմնար Ղարաբաղում, և կպահպանվեր նաև խաղաղապահների ժամկետի երկարաձգման հեռանկարը։ Արևմուտքը դա չարեց, հիմա էլ ասում են՝ վերադարձի հնարավորություն կա, արևմտյան դիտորդության հնարավորություն կա, որը քիչ հավանական է և միայն կարող է տեղի ունենալ, եթե հայկական կողմը ցանկանա ակտիվ աշխատել այդ ուղղությամբ։

Այնուամենայնիվ գուցե Արևմուտքի հաշվարկները սխալ դուրս գան, և Ռուսաստանը պահպանի կամ հետո վերականգնի իր ազդեցությունն արդեն նորովի»,- ասաց մեր աղբյուրը։

Տեսանյութեր

Լրահոս