100 միլիոն դրամ՝ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին՝  ԼՂ-ից Հայաստան «տեղափոխված» անձանց կեցության ապահովման համար

Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմը հերթական դրամաշնորհն է հատկացրել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին՝ «Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց կեցության ապահովման» համար: Դրամաշնորհի պայմանագրի ընդհանուր գինը 100 միլիոն դրամ է:

Մի կողմ թողնենք պայմանագրում «տեղափոխված անձանց» ձևակերպումը, ինչն այս օրերին առնվազն տարակուսելի է, քանի որ անգամ հատուկ գրագիտություն պետք չէ հասկանալու համար, որ մարդիկ բռնի տեղահանվածներ են և ոչ թե՝ տեղափոխվածներ, և ուղղակի ուշադրություն դարձնենք հանգամանքին, որ պայմանագրում չկան կոնկրետ ցուցանիշներ, թե քանի անձի համար է նախատեսված այդ գումարը, ինչ կեցության մասին է խոսքը և նաև, թե ինչու է պայմանագրում միջոցառման իրականացման ժամկետի ավարտ մատնանշվել սեպտեմբեր 25-ը. ասել է թե՝ սեպտեմբերի 27-ին կնքված պայմանագրով արձանագրվում է, որ միջոցառումը սեպտեմբերի 25-ին արդեն կատարվել է:

Հիշեցնենք՝ Սեպտեմբերի 24-ից սկսվել է արցախցիների բռնի տեղահանումը:

Կարդացեք նաև

Նշենք, որ Սյունիքի մարզի զարգացման հիմնադրամը հիմնադրվել է 2016 թվականից:

Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը ՀՀ Սյունիքի մարզպետարանն է։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է երեք անդամից։ Ի պաշտոնե՝ խորհրդի նախագահն է ՀՀ Սյունիքի մարզպետը, որը խորհրդի անդամ է։ Խորհրդի մեկ անդամ նշանակվում է ՀՀ Սյունիքի մարզպետի կողմից՝ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմից։ Խորհրդի մեկ անդամ նշանակվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի կողմից։

2019 թվականից հիմնադրամի տնօրենը Կարեն Թադևոսյանն է:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո առկա իրողությունների պայմաններում՝ այս հիմնադրամին պետական բյուջեից ուղղվել են միլիոնավոր դրամներ. դրամաշնորհի կամ պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության պայմանագրեր են կնքվել ՝

2021 թվականի հոկտեմբերին՝ Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող  հիմնախնդիրների լուծման նպատակով. պայմանագրի գինը՝ 200 միլիոն դրամ:

2021 թվականի նոյեմբերին՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Սյունիքի մարզի տուժած համայնքներում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով. պայմանագրի գինը՝ 400 միլիոն դրամ:

2022 թվականի մարտին դարձյալ նույն նպատակով հիմնադրամին հատկացվել է 200 միլիոն դրամ, 2022 թվականի հուլիսին՝ 312 միլիոն 746 հազար դրամ, 2022 թվականի դեկտեմբերին՝ շուրջ 92 միլիոն 929 հազար դրամ:

Ասել է թե՝ Սյունիքի մարզի զարգացման հիմնադրամը դեռ փորձում է վերացնել Արցախյան պատերազմի հետևանքները, հետո նոր կմտածի Սյունիքը զարգացնելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս