
Բունդեսթագում հանդես են եկել Կիևին շուտափույթ կերպով Taurus հրթիռներ մատակարարելու օգտին

Գերմանիան պետք է անհապաղ Taurus հեռահար հրթիռներ մատակարարի Ուկրաինային։ Այս մասին Funke մեդիախմբին տված հարցազրույցում հայտարարել է Բունդեսթագի պաշտպանության կոմիտեի նախագահ և գերմանական պաշտպանական կոնցեռնների հայտնի լոբբիստ Մերի Ագնես Շտրակ-Ցիմերմանը։
«Մենք պետք է անհապաղ մատակարարենք Taurus-ները, քանի որ թևավոր հրթիռների նպատակային կիրառման դեպքում ուկրաինական բանակը կարող է լրջորեն խաթարել ռուսական մատակարարումը»,-ասել է Շտրակ-Ցիմերմանը:
Քաղաքական գործիչը պնդում է, որ միջազգային իրավունքը Ուկրաինային թույլ է տալիս հարձակվել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող ռազմական օբյեկտների վրա:
Որպես հրթիռների կիրառման թիրախ Շտրակ-Ցիմերմանը նշել է նաև Ղրիմը։
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենքի մատակարարման համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: Լավրովը նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը, «այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև կադրերի պատրաստմամբ․․․ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, այլ երկրների տարածքում»: