Ի՞նչ զարգացումներ են սպասվում ֆինանսական շուկայում և ովքե՞ր են փորձում փող աշխատել ուրիշների դժբախտության վրա

Երկարատև արժեզրկումից հետո, վերջին օրերին Հայաստանի արժութային շուկայում դոլարի ոչ մեծ, բայց որոշ արժևորում է նկատվում։

Ամերիկյան արժույթի վաճառքի գինը նախկին 388 դրամից բարձրացել է 396-397 դրամի։

Դոլարի առքի գինը ևս աճել է. նախկին 384-ի փոխարեն՝ փոխանակման կետերը վերջին օրերին ամերիկյան արժույթը գնում են 389-390 դրամով։

Փոխարժեքի շուկայի համար սրանք գուցե մեծ փոփոխություններ չեն, բայց հետաքրքիր են նրանով, որ տեղի են ունենում դոլարի շուրջ մեկ ու կես տարի շարունակվող արժեզրկումից հետո։

Կարդացեք նաև

Մինչ այս, դրամը պարբերաբար արժևորվել է դոլարի և մյուս հիմնական արժույթների նկատմամբ։ Վերջին օրերին, եթե ոչ՝ մյուս արժույթների, ապա դոլարի նկատմամբ դրամը թուլացման միտում է դրսևորում։

Սա խոսում է այն մասին, որ որոշակի սպասումներ են ձևավորվել արժութային շուկայում։ Դրանք, ըստ ամենայնի, կապված են առաջին հերթին վերջին օրերին Հայաստանում ներքաղաքական, ինչպես նաև տարածաշրջանային լարվածության ու Արցախից մեր հայրենակիցների հարկադրված տեղափոխման հետ։

Դատելով շուկայում առկա միտումներից, ճնշումները դոլարի արժևորման ուղղությամբ են։

Այս պահին դրանք շատ մեծ չեն, բայց առաջիկայում կարող են շարունակվել՝ հանգեցնելով ամերիկյան արժույթի հետագա ամրապնդման։

Կան կանխատեսումներ, որ մոտակա ժամանակահատվածում դոլարի գինը կարող է անցնել 400-ից՝ տատանվելով 405-410 դրամի միջակայքում։

Ենթադրվում է, որ դրա վրա իր ազդեցությունը կթողնի՝ ինչպես արցախահայության Հայաստան տեղափոխվելը և ներքաղաքական ու աշխարհաքաղաքական լարվածությունը, այնպես էլ՝ որոշ այլ գործոններ։

Մասնավորապես վերջին ամիսներին նկատվում է մասնավոր ֆինանսական փոխանցումների կրճատում, որոնցով ժամանակին պայմանավորվում էր Հայաստանում տարադրամի արժեզրկումն ու դրամի ամրապնդումը։

Այս լարվածությունը, ըստ ամենայնի, իր ազդեցությունը կունենա նաև զբոսաշրջության վրա։

Մյուս կողմից՝ ինչպես հայտնի է, Կենտրոնական բանկը սկսել է իրականացնել փողի էժանացման քաղաքականություն, որը կարող է հանգեցնել դրամի թուլացման։ Թեև արցախյան վերջին իրադարձությունները նոր ռիսկեր ու անորոշություններ են առաջացրել՝ ինչպես ընդհանրապես արժութային շուկայի ու բանկային համակարգի, այնպես էլ՝ ԿԲ դրամավարկային քաղաքականության համար։ Դրամային այն միջոցները, որոնք շրջանառվում էին Արցախում, տեղափոխվելու ու աստիճանաբար հայտնվելու են Հայաստանի ֆինանսական շուկայում։ Դրանց ազդեցություններն առայժմ դժվար է միանշանակ գնահատել, բայց ենթադրվում է, որ ճնշումը դրամի վրա մեծանալու է։

Ըստ ամենայնի, դրամի վրա ճնշումը մեծանալու է՝ կապված նաև ակնկալվող այն սոցիալական ծրագրերի հետ, որոնք հավանաբար կիրականացվեն Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու ու օժանդակելու շրջանակներում։

Արցախահայության՝ Հայաստան արտագաղթով պայմանավորված՝ նոր սպասումներ են ձևավորվել նաև անշարժ գույքի շուկայում։ Որքան էլ բարոյականության տեսանկյունից թվում է, թե այդպես չպետք է լիներ, այնուհանդերձ կան մարդիկ, ովքեր փորձում են մեր հայրենակիցների դժբախտության վրա փող աշխատել։

Բնակարանների վարձակալության գները, որոնք ռուս-ուկրաինական հակամարտությանը հաջորդած շրջանում արձանագրված կտրուկ թանկացումից հետո որոշ չափով նվազել էին, կրկին սկսեցին բարձրանալ՝ հաշվի առնելով այն, որ արցախահայության տեղափոխումից հետո կտրուկ մեծանալու է դրանց պահանջարկը։

Հաշված ժամերի ընթացքում առաջարկները բնակարանների վարձակալության շուկայում թանկացան 20-30 հազարից՝ ընդհուպ 50 հազար դրամով։

Սա վարձակալության գների գրեթե 10 տոկոսանոց բարձրացում է։ Բայց ենթադրվում է, որ վարձակալության հանձնվող բնակարանների տերերը դրանով չեն բավարարվելու և առաջիկայում կշարունակեն բարձրացնել գները։

Եթե քայլեր չձեռնարկվեն այս ուղղությամբ, կանխատեսվում է, որ երկու-երեք ամսվա ընթացքում բնակարանների վարձակալությունը 20-30 տոկոսով կթանկանա։

Այսինքն՝ գրեթե այնքանով, որքանով նվազել էր ռուս-ուկրաինական հակամարտության առաջին փուլին հաջորդած աժիոտաժից և պահանջարկի կտրուկ ավելացումից հետո։

Վարձակալության շուկայի մասնակիցների ախորժակը զսպելու որևէ գործուն լծակ այս պահին, իհարկե, չկա, բացի բարոյականից։ Բայց դա էլ միշտ չէ, որ աշխատում է։

Մինչ քաղաքացների մի մասն իր անհատույց օժանդակությունն ու օգնությունն է առաջարկում տուն ու տեղ կորցրած մեր հայրենակիցներին, կան նաև մարդիկ, ովքեր փորձում են օգտվել այս վիճակից ու փող աշխատել։ Սա անթույլատրելի է՝ ցանկացած պարագայում։ Բայց բոլորը չէ, որ դա գիտակցում են, ինչն արդեն տեսնում ենք բնակարանների վարձակալության շուկայում, որտեղ անմիջապես արձանագրվեց գների բարձրացում։

Անշարժ գույքի շուկայում գների բարձրացումը, սակայն, միայն վարձակալությամբ չի սահմանափակվի։

Դժվար է ասել, թե արցախահայության ո՞ր մասը հետագայում կմնա ու կհաստատվի Հայաստանում, բայց դա ենթադրում է, որ բնակարանային շուկայում լրացուցիչ պահանջարկ կավելանա՝ հանգեցնելով գների հետագա բարձրացման։ Առանց այն էլ, վերջին երկու տարիներին բնակարանները և ընդհանրապես անշարժ գույքը Հայաստանում գերարժևորված է, հիմա ճնշումն ավելի կմեծանա։

Ենթադրվում է, որ դրա հետևանքով առաջիկա մեկ տարում գները 5-10 տոկոսով կարող են ավելանա։

Սպառողական շուկայում ևս կավելանա գնաճային ճնշումը։ Կաճի նաև գործազրկության մակարդակը։ Որքան էլ թվում է, թե Հայաստանում աշխատանքի խնդիր չկա, մի բան էլ այլ երկրներից են գալիս աշխատելու, պաշտոնական տվյալներով, մեր երկրում 175-180 հազար աշխատունակ քաղաքացի աշխատանք չունի։

Քանի՞սը կավելանան արցախահայության տեղափոխումից ու Հայաստանում հաստատվելուց հետո, դեռ վաղ է ասել։ Բայց, որ նրանց քանակը փոքր չի լինի, միանշանակ է։ Այդ մարդկանց պետք է կարողանալ ապահովել աշխատանքով, որպեսզի գոնե լուծեն իրենց տարրական սոցիալական խնդիրները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս