Մղձավանջը եղելություն դարձավ․ Մանուկ Հերգնյան
«Granatus Ventures» ընկերության համահիմնադիր Մանուկ Հերգնյանը, անդրադառնալով Արցախում տեղի ունեցածին և Հայաստանի մարտահրավերներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մղձավանջը եղելություն դարձավ․․․․
Աշխարհը․․․․
– Ռուսաստան- Թուրքիա/Ադրբեջան հերթական պատմական ցինիկ գործարքը կատարվեց ի հաշիվ Արցախի։ Ընդ որում, դա Ռուսաստանի երկարաժամկետ շահին հակառակ է, սակայն այն այնպիսի վիճակում է, երբ նախընտրում է կարճաժամկետ շահը։
– Արևմուտքը հայտարարություններից այն կողմ չի անցնում։ Նույնիսկ հակառուսական կղզյակի վերածված Հայաստանը չի հակակշռի այն մեծաթիվ աշխարհաքաղաքական, էներգետիկ և լոգիստիկ շահերը, որն Արևմուտքն ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
– Թուրքիան և Ադրբեջանը զգացել են պատմական պահի առավելությունները և, հետևողականորեն սեղմում են օղակը։ Հաջորդ թիրախը Սյունիքն է և ապա՝ մնացած Հայաստան։
– Միջազգային հանրությունը․․․․ չկա նման բան։
Մենք․․․
– Մենք անմասն դիտեցինք, թե ինչպես հայրենիքի մի մասը կորսվում է, հայրենակիցները բնաջնջվում։ Թեպետ այս անգամ ունեինք պետություն։ Սա մեզ համար անջնջելի խարան է լինելու սերունդների առջև, ինչպիսին էլ ոչ չլինեին քաղաքական հանգամանքները։
– Վերածվեցինք նորից միայն խղճահարություն հարուցող և արտաքին ուժերից գթություն հայցող, բայց ոչ ուժով իր իրավունքը պարտադրող հանրույթի։
– Իշխանության քաոսային քաղաքականությունը և «խաղաղության» օրակարգը բերել են միայն միակողմանի զիջումների․
Արցախի ամբողջական կորուստ
Հայաստանի սուվերեն տարածքի կորուստ ( «Սև լճի 30% համար հո պատերազմ չենք անի․․․»)
Հայաստանի ինքնիշխանության էական նվազում՝ դարձնելով աշխարհաքաղաքական առևտրի օբյեկտ
Երկրի անվտանգային համակարգի վերակառուցման ձախողում
Սեփական իշխանության պահպանմանը բացարձակ գերապատվություն հաճախ ի վնաս արտաքին քաղաքական օգուտների (օրինակ՝ ՄԱԿ-ի անվտանգության վերջին խորհրդի նիստին ընդառաջ արված հայտարարությունը)
Անելիքը․․․․
– Համապարփակ ինքնապաշտպանության կազմակերպում, որը ենթադրում է որ այն կազմակերպվում է ոչ միայն սահմանափակ բանակային ուժերի, այլ ամբողջ հասարակության միջոցով։ Այս հայեցակարգի ներքո թշնամու զսպման մեխանիզմ է դառնում, ոչ այնքան սպառազինությունը, որքան հասարակության պատրաստակամությունը դառնալու «անմարսելի»։ Նման մոտեցումը կիրառել են մի շարք փոքր երկրներ՝ Սինգապուր, Ֆինլանդիա, Շվեյցարիա։
– Սրա հիման վրա Հայաստանը որպես ինքնուրույն ուժային գործոնի ձևավորում, որը հնարավորություն կտա դիվանագիտության մեջ օբյեկտից վերածվել սուբյեկտի և բազմաշերտ անվտանգային համագործակցություններ ձևավորել։
– Այս երկուսի իրագործումը իրատեսական է միայն կարող իշխանության առկայության պարագայում, որը հասարակության զգալի մասին հույս է ներշչում (վստահության մասին այլևս շքեղություն է խոսել)։ Բայց դրա ձևավորումը տեղի չի ունենա հակառակորդ ուժերից որևէ մեկի «հաղթանակի» պարագայում։
Միակ տարբերակը պայմանավորվելն է։ Նույնիսկ ոխերիմ թշնամիները կարողանում են պայմանավորվել։ Առավել ևս դա պետք է հնարավոր լինի միևնույն խորտակվող նավում գտնվողների համար։
Բայց ակնհայտ է, որ գործող քաղաքական ուժերը այդ կարողությունը չունեն։ Երևի թէ գործընթացի «մերանը» կարող են դառնալ հասարակական և մասնագիտական ուժերը, որոնք ստիպված են լինելու գործելու։
Երևի․․․»։