Ռուսաստանի հետ պատերազմից հինգ պակաս վիճակում ենք. վախեցեք ավելի վատից. Էդուարդ Շարմազանով
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին դրական եզրակացություն է տվել Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը փաշինյանական իշխանության այս քայլը դիտարկեց Արևմուտքի պահանջով Ռուսաստանի դեմ թշնամանք լարելու օպերացիայի համատեքստում, ինչից հետո Ռուսաստանը դաշնակցից վերածվելու է թշնամու՝ դրա աղետալի հետևանքներով։
«Այն, որ Արցախի հարցով Ռուսաստանը ձախողվել է, դա փաստ է: Այո՛, խաղաղապահներն իրենց դերակատարումը չեն կատարել, բայց չէ՞ որ Հայաստանում ոչ թե Պուտինին են ընտրել Հայաստանի վարչապետ, այլ Նիկոլին, հետևապես՝ ժողովրդի պահանջը պետք է լինի հենց Փաշինյանից՝ նրանից, ում ընտրել են։ 2018 թվականի մայիսի 8-ից հետո հայ ժողովրդի հետ ինչ տեղի է ունենում, դրա պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, իսկ ինչ վերաբերում է աշխարհակարգին, ապա, այո՝ Ադրբեջանը թքեց Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների վրա, երբ որևէ մեկը Ադրբեջանի նկատմամբ որևէ սանկցիա չկիրառեց։ Դրանով հանդերձ՝ կրկնում եմ, ժողովրդի պահանջը որևէ այլ երկրից չպետք է լինի. հայ ժողովուրդը պարտվել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Փաշինյանը բերվել է իշխանության Արցախը տալու և Հայաստանը թրքացնելու, և դրա համար Ռուսաստանի հետ թշնամության է գնում՝ առանց հաշվարկելու, թե ինչ տնտեսական կորուստների առաջ է կանգնելու Հայաստանը։ Լավ, ինչպե՞ս կարելի է դաշնակիցների քանակը կրճատել, իսկ թշնամիներինը՝ ավելացնել»,- ասաց Շարմազանովը։
Շարունակելով Հռոմի կանոնադրության (ստատուտի) վավերացման հետևանքները թվարկել, Շարմազանովը շեշտեց, որ Հայաստանի կրած ծանր կորուստներն են ավելանալու, բայց Հռոմի ստատուտի վավերացումով Ադրբեջանի ղեկավարին հնարավոր չի լինելու պատասխանատվության ենթարկել, քանի որ Ադրբեջանն այդ ստատուտը ո՛չ ստորագրել է, ո՛չ վավերացրել։
«ՌԴ նախագահի խոսնակ Դիմիտրի Պեսկովի կողմից այդ քայլը որակվեց ծայրահեղ թշնամական, իսկ ծայրահեղ թշնամականը դիվանագիտական լեզվից թարգմանած՝ հավասար է պատերազմից հինգ պակաս վիճակի»,- ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ բերել-հասցրել է նրան, որ այսօր մենք երանի ենք տալիս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով կար Լեռնային Ղարաբաղ, և կարողանում էինք գնալ Արցախ, իսկ հիմա Ադրբեջանը, օգտվելով ադրբեջանական շահի սպասարկու՝ իշխանության մատուցած ծառայությունից, ազգային ինքնության ողնաշարն է փորձում ջարդել, ինչով էլ պայմանավորված են հայերի գերեվարումներն ու ձերբակալումները։
«Ռուբեն Վարդանյան, Լյովա Մնացականյան և այլ հայերի պատահակա՞ն է Ադրբեջանը ձերբակալում։ Մեր ուժային կառույցները ենթարկվում են Նիկոլ Փաշինյանին, որը հայտարարում է, որ չի խառնվելու, երբ Արցախւմ հայերին մորթում են։ Կարծում եմ՝ այսօրվա ռեժիմին պետք է, որ նրանք չհասնեն Հայաստան։ Ինչ վերաբերում է նրան, որ այդ ձերբակալումները կանխեն հայ զինվորականները, ապա հարց՝ զինվորականները արդյո՞ք նրանք են, որոնք մեկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը, մեկ՝ նրան պատվի արժանացնում։ Ուժային կառույցները գնացող լինեին, Նիկոլ Փաշինյանի հետևից կգնային, չէ՞ որ միայն այն, որ Փաշինյանը պատերազմը չի կանգնացրել հոկտեմբերին՝ իմանալով, որ մենք պարտված ենք, դա բավարար էր, որ նրան ցմահ բանտարկեին»,- ասաց Շարմազանովը։
Մանրամասները՝ տեսանյութում։