«Անցել է 103 տարի։ Իրավիճակը նույնն է, Թուրքիան հետապնդում է նույն նպատակը՝ նույն ձևերով, իսկ մենք անում ենք նույն սխալը»
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգարմայն իր ալիքում գրում է. «1920 թվականին Թուրքիան, նվաճելու համար ամբողջ Հայաստանը, իր բոլոր քայլերը քողարկում էր խաղաղության անվան տակ։
1920 թ. նոյեմբերի սկզբին Թուրքիայի արտգործնախարար Մուհթար բեյը հեռագիր-կարգադրություն է ուղարկում Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Քարաբեքիր փաշային` Հայաստանի հետ բանակցությունների նպատակի ու ձևի վերաբերյալ.
«… Բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի:…
Դրանից բխում է, որ քննարկման առարկա չի կարող լինել հայերի հետ պարզ մի զինադադարի համաձայնության արդյունքում մեր հետ քաշվելը: Հայերին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն ոչ թե Հայաստանից դուրս գալուն, այլ հայերին մոլորեցնելուն եւ Եվրոպայի նկատմամբ խաղաղասեր երեւալուն…
Ներկայումս բացարձակ անհրաժեշտություն է զորացրել հայկական բանակը եւ բռնագրավել նրա զենքը` այդպիսով հնարավորություն չտալով, որ վերականգնվի նրա ռազմական կառույցը: Երկաթուղիները հսկողության տակ պահելու եւ մահմեդական ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով անհրաժեշտ է մեր ռազմական հսկողությունը հաստատել Հայաստանի ողջ տարածքի վրա եւ այդպիսով մեր ձեռքում պահել Թուրքիան Ադրբեջանին կապող բոլոր ճանապարհները:
Վերը նշված այդ նպատակը պիտի իրականացնել քողարկված ու փափուկ ձեւով` ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում` հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով»:
Անցել է 103 տարի։ Իրավիճակը նույնն է, Թուրքիան հետապնդում է նույն նպատակը՝ նույն ձևերով, իսկ մենք անում ենք նույն սխալը»։