Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում ԼՂ-ից 11 երեխա, որից 4-ը՝ նորածին

Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում Լեռնային Ղարաբաղից 11 երեխա, որից 4-ը նորածին է: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով բռնի տեղահանվածների հետ կապված իրավիճակը:

«Այս պահի դրությամբ ՀՀ-ում տարբեր առողջապահական հաստատություններում իր բուժումը շարունակում է 342 բուժառու: Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 11 երեխա, որից 4-ը նորածին է»,-ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ մինչև 18 տարեկան շուրջ 16 հազար երեխա է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից Հայաստան:

Հայաստան են տեղափոխվել նաև Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնից 25 բուժառու, որոնք իրենց բուժումը շարունակում են Առողջապահության նախարարության հիմնարկներում:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել: Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ի դրությամբ տեղափոխվել է բռնի տեղահանված 74 հազար 400 անձ:

Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունից հետո սանիտարական ավիացիայով Լեռնային Ղարաբաղից տարհանվել են այրվածքներով քաղաքացիներ:

Տեսանյութեր

Լրահոս