ՀՀ ԱԳ նախարարը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ զրույցում խոսել է Ադրբեջանի՝ էթնիկ զտումների քաղաքականության մասին

Սեպտեմբերի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ։

Քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակման եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետեւանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով միջազգային համարժեք գնահատականի կարեւորությունը թե´ ներկայիս մարդասիրական մարտահրավերների հաղթահարման, թե´ հետագա ուժի կիրառումները կանխելու համատեքստում:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի՝ էթնիկ զտումների քաղաքականության հետեւանքով արդեն շուրջ 70 000 անձ ԼՂ-ից բռնի տեղահանվել է ՀՀ:

ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի, ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականը: Ընդգծվել է այդ թվում նաեւ ԵՄ եւ իր անդամ պետությունների կողմից համապատասխան ազդակների անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս