Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգել է Ռուբեն Վարդանյանի կալանավորման հնարավոր վտանգների մասին

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնել Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորման առնչությամբ։

Ինստիտուտը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարության և բանակի ներկայացուցիչներին «անջատողական» որակելով՝ փորձ է արվում արդարացնել անօրինական կալանավորումներն ու սպանությունները։

«Վարդանյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի բացահայտ ջատագովը, հատկապես ատելի է Ադրբեջանի համար։ Նրա կալանավորումը խոշտանգումների և արտադատական մահապատժի կամ ցուցադրական դատավարության շատ բարձր ռիսկ է պարունակում: Նա և Արցախի կառավարության և ինքնապաշտպանության բանակի ներկայիս ու նախկին անդամները դասակարգվել են «անջատողականների» և «ահաբեկիչների» կատեգորիային, որը պետություններն օգտագործում են ապօրինի կալանավորումն ու սպանությունն արդարացնելու համար», – գրված է ինստիտուտի՝ X սոցցանցի էջում կատարված գրառման մեջ։

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը նաև ենթադրում է, որ Ռուբեն Վարդանյանը կարժանանա նույն ճակատագրին, ինչ Ադրբեջանում գերության մեջ գտնվող մյուս հայ ռազմագերիները։

«Վարդանյանի կյանքի և անվտանգության համար մտահոգությունը հատկապես հիմնավորված է` հաշվի առնելով այն վերաբերմունքը, որին արժանացել են 2020 թ.-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիները: Նրանք խոշտանգվել են, նվաստացվել, սպանվել, անհետացել և ենթարկվել ցուցադրական դատավարությունների: Սա լավ փաստագրված է», – նշված է ինստիտուտի հայտարարությունում:

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի համոզմամբ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ինչպես նաև այլ համաշխարհային առաջնորդները պետք է պահանջեն Ադրբեջանից Վարդանյանի անվտանգ վերադարձը և պետք է ապահովեն, որ Լեռնային Ղարաբաղի կառավարության, ինչպես նաև Պաշտպանության բանակի ներկայացուցիչները նույնպես հեռանալու թույլտվություն ունենան։

«Մենք աշխարհին հիշեցնում ենք, որ էլիտայի ներկայացուցիչների կալանավորումը, սպանությունը և անհետացումը ցեղասպանության ընդհանուր գործողություն է», – նշում են ինստիտուտում։

Տեսանյութեր

Լրահոս