Դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:

Այսօրվա դատական նիստին նույնպես ներկա էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր փաստաբանների հետ, նրա կուսակիցները և աջակիցները: Դատական նիստին ներկա էր նաև այս գործով մյուս մեղադրյալը՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

Նախորդ դատական նիստին հարցաքննվում էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս դատական նիստի մեկնարկին դատավորը դատավարության կողմերին հարցրեց՝ կա՞ն արդյոք նոր ապացույցներ, որոնք հետազոտման կարիք ունեն: Մեղադրանքի կողմն ասաց, որ հարցումներ է ուղարկել Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ) ու ստացել պատասխաններ: Միջնորդեց դրանք հետազոտել որպես ապացույց ու կցել գործի նյութերին:

Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց նոր ներկայացված նյութերն ուսումնասիրելու ու դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:

Կարդացեք նաև

Պաշտպանական կողմը ևս ուներ միջնորդություններ: Այն հարցումներ էր կատարել Վիճակագրական ծառայություն, Ճանապարհային ոստիկանություն ու ստացել պատասխաններ: Պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց դրանք նույնպես ճանաչել որպես ապացույց ու կցել գործին: Ներկայացվեց նաև մեկ այլ միջնորդություն:

Դատական նիստը հետաձգվեց կողմերին՝ միմյանց միջնորդություններին ծանոթանալու ժամանակ տալու համար:

Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես պետական մարմնի վառելիքի մատակարար՝ ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Ըստ մեղադրանքի՝ արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը  կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս