Սերժ Սարգսյանն արդարացվեց դիզելի շինծու գործով

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր դիզվառելիքի շինծու գործով վերջին դատական նիստն է: Դատավոր Վահե Միսակյանն այսօր այս գործով վճիռ է հրապարակելու ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գործով անցնող մյուս մեղադրյալների վերաբերյալ:

Վճիռը պետք է հրապարակվեր մայիսի 29-ին, սակայն այդ օրը տեղեկացանք, որ նիստը հետաձգվել է, և այն կկայանա այսօր:

Այսօրվա դատական նիստին նույնպես ներկա էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր փաստաբանների հետ, նրա կուսակիցները և աջակիցները: Դատական նիստին ներկա էր նաև այս գործով մյուս մեղադրյալը՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

Դատավոր Վահե Միսակյանի վճռով Սերժ Սարգսյանն արդարացվեց, ճանաչվեց անմեղ իրեն վերագրվող արարքների կատարման մեջ: Արդարացվեցին նաև Բարսեղ Բեգլարյանն ու մյուս ամբաստանյալները:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես պետական մարմնի վառելիքի մատակարար՝ ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Ըստ մեղադրանքի՝ արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը  կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս