Հայրենիքը՝ բեռնախցիկում

«Տունը՝ բեռնախցիկում»։ Ժամանցային լրատվամիջոցներում հարյուրավոր նման վերնագրերը պատմում են հնարամիտ ինքնագործների մասին, ովքեր իրենց ավտոմեքենաները վերաձևելով՝ դրանում տան հարմարություններ են ստեղծում։

Արցախում վերջին մի քանի օրերին կատարվողը, ի տարբերություն ժամանցային լրահոսի, մեկ արտահայտությամբ կարելի է ներկայացնել նույն վերնագրով՝ «Տունը՝ բեռնախցիկում», բայց դրանք արդեն ոչ թե ինքնաշեն մեքենայի, այլ պապենական օջախներից մնացած տան հուշն ավտոմեքենայի բեռնախցիկում Հայաստան բռնի տեղափոխող մազապուրծ արցախցիների կյանքի հազարավոր պատմություններ են։

 Պետության ընթացքը «Ժիգուլու» հետ ամենագռեհիկ համեմատություններով ներկայացնող Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության գալով «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսով, Արցախը դարձրեց «Հայրենիքը՝ բեռնախցիկում» ողբերգական պատմություն, որով հայ ժողովուրդն ապրելու է տարիներ, տասնամյակներ շարունակ։

Կարդացեք նաև

«Ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ» ցնդաբանությամբ երեք տարի իշխանությունը պահպանելուց հետո, սակայն, նա  այլևս չի խոսում ոչ պատասխանատվության, ոչ էլ առավել ևս՝ մեղավորության մասին։ Փոխարենը, զբաղված է այն եզակի գործով, որը մինչև այսօր օգնել է պահպանել իր իշխանությունը՝ պատասխանատվության բաշխմամբ։

Այս ողբերգության ու աղետի համար նա պատասխանատու ու մեղավոր է կարգում բոլորին՝ բացի իրենից, ու այդ նպատակով օգտագործում է ամենաէժանագին ու ժամկետանց միջոցները՝ սեփական ուսապարկերից՝ մինչև բազմակի օգտագործման բունկերային հերոսներ, քարոզիչների բանակ, որոնք մեղավորներ են հայտարարում բոլորին՝ ռուսներից մինչև իրանցիներ, նախկիններից մինչև արցախցիներ։ Եվ եթե Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը լուծված է համարում «հայրենիքը՝ բեռնախցիկում» սատանայական սցենարով, ապա Հայաստանը նա վերածել է Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, որտեղ բոլորը՝ պատասխանատու հռչակվելով, սահմանափակել են նրա սեփական պատասխանատվությունը՝ ընդհուպ մինչև կատարյալ անպատասխանատվություն։

Իր ողջ հրեշավոր անպատասխանատվությամբ հանդերձ, կամ հենց այդ պատճառով, Նիկոլ Փաշինյանը սարսափում է հենց պատասխանատվությունից, որը երբևէ վրա է հասնելու։ Դրանից խուսափելու համար նա ունի միայն մեկ տեսական հնարավորություն, որն իր պաշտոնավարման ամեն օրվա հետ վերածում է գործնականի։

Նիկոլ Փաշինյանը պատասխանատվությունից կարող է խուսափել միայն այն պարագայում, երբ գոյություն չունենան այն ինստիտուտներն ու կառուցակարգերը, որոնք կարող են նրան պատասխանատվության ենթարկել։ Այսինքն՝ երբևէ պատասխանատվությունից խուսափելու միակ տարբերակը ներկայիս սահմանադրական, իրավական տեսքով Հայաստան պետության չգոյությունն է, որին էլ ուղղված է Նիկոլ Փաշինյանի ողջ քաղաքականությունը։

ՀՀ Սահմանադրության, Անկախության հռչակագրի, դրանց վրա խարսխված իրավակարգի դեմ Նիկոլ Փաշինյանի հետևողական քարոզչության նպատակը միայն Թուրքիային ու Ադրբեջանին հաճոյանալը չէ, ինչպես թվում է առաջին հայացքից։

Այդ պատճառները, իհարկե, կան, բայց դրանց զուգահեռ՝ նա մեթոդաբար կազմաքանդում է հայկական պետականության այն հիմնասյուները, որոնց առկայության դեպքում ինքը երբևէ ենթարկվելու է պատասխանատվության՝ դրա արտահայտման ամենախստագույն ձևով։ Եթե անգամ նրա անհայրենիք տունը տեղավորված լինի ամերիկյան ռազմանավերի վրա ու պաշտպանված լինի թուրքական կործանիչներով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս