ԵՄ-ն համոզված է, որ հոկտեմբերի 5-ին հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի Երևանի և Բաքվի կողմից հրապարակայնորեն վերահաստատելու միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու հանձնառությունը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին կարճ ժամանակով միացել էր նաև ԵԽ նախագահ Շառլ Միշելը։ Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների խորհրդականները։
Հիքմեթ Հաջիևը ներկայացրել է տեղական բնակչությանը հումանիտար աջակցությամբ և անվտանգությամբ ապահովելու Ադրբեջանի ծրագրերը։
ԵՄ-ի կողմից ընդգծվել է թափանցիկության և ԼՂ հայերի վերաբերյալ Բաքվի քաղաքականությանը միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների դերակատարների մասնակցության անհրաժեշտությունը։
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը քննարկել են կոնկրետ քայլերը, թե ինչպես առաջ մղել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, այդ թվում` սահմանազատման, անվտանգության, հաղորդակցությունների և հումանիտար հարցերը։
ԵՄ-ն համոզված է, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի Երևանի և Բաքվի կողմից հրապարակայնորեն վերահաստատելու միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու հանձնառությունը` հիմնված Պրահայում և Բրյուսելում կայացած համաձայնությունների վրա։