«Որովհետև իշխանություն չեն դրանք, «ցռան վերգոներ են». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Սեպտեմբերի 26-ին, ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13.550 անձ:

Արցախահայության գաղթը տարերային է. մարդիկ չեն սպասում պետական միջոցներով տարհանվելուն, քանի որ չկա որևէ երաշխիք, թե ադրբեջանական կողմը հերթական ագրեսիային չի դիմի:

Հայկական Արցախի էջը պետք է փակվա՞ծ համարել՝ 168.amի այս հարցադրումին ի պատասխան՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը եղավ հակիրճ. «Հարյուր տարվա համար փակ է, բայց հազար տարվա համար՝ ոչ»:

Հստակեցմանը՝ այսինքն այս պահին անդառնալիության կետն անցե՞լ ենք, ինչ-ինչ երաշխիքների գնով հնարավոր չէ՞ պահել հայկական Արցախը, նա արձագանքեց.

Կարդացեք նաև

«Ի՞նչ երաշխիքներ: Այո, տեսականորեն հնարավոր է, բայց դա պետք է լինի կա՛մ հայկական իշխանություն, կա՛մ օտար իշխանություն՝ ո՛չ ադրբեջանական:

Այդ երաշխիքները միջազգային կարող ենք ստանալ, այո՛, կարող են մնալ, բայց միջազգային երաշխիքներ չկան, ռուսական երաշխիքները տեսաք՝ ինչ եղան հայկական կառավարության ապիկարության, անտաղանդության ու հիմարության պատճառով: Այնպես որ, էլ ի՞նչ երաշխիք: Միակ «երաշխիքը» մնում է ադրբեջանցիների «ողորմածությունը», եթե իրենք թույլ կտան որևէ մեկին մնալ այդտեղ ապրելու և մնալու հայ»:

Հոգևորականը ճիշտ չի համարում պայքարի տրամաբանությունը՝ թե պայքարենք, որ Հայաստանն էլ չունենա Արցախի ճակատագիրը՝ նկատելով, որ Արցախն արդեն իսկ Հայաստան է:

«Հայաստանն արդեն այդ ճակատագիրն ունեցել է, Արցախը Հայաստանի անբաժան ու ամենաթանկագին մասն էր, այնպես որ՝ Հայաստանի հետ արդեն իսկ պատահել է: Արցախը օտար մարմի՞ն էր. Արցախը Հայաստանն էր, հեչ պետք չէր գոռալ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», բայց Արցախը Հայաստան էր: Հիմա այն, ինչ պատահել է, այդ Ցեղասպանությունը, պատահել է Հայաստանի՛ հետ»,- նշեց նա:

«Արցախը տանք՝ Հայաստանը փրկենք» իշխանական թեզերին, Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի՝ ռազմական գործողությունների մեջ չներքաշվելու մասին հապճեպ հայտարարություններին անդրադառնալով էլ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը շեշտեց. «Որովհետև իշխանություն չեն դրանք, «ցռան վերգոներ են». ցռան վերգոների համար, իհարկե, պետք չի ներքաշվել»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Զինված ուժերը պատերազմ էին սանձազերծել Արցախի Հանրապետության նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որից հետո ուղիղ եթերով հայտարարել էր. «Բայց ինչպես ասել եմ և հիմա էլ եմ ասում, այս գործողության հիմնական և առանցքային թիրախը և նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։ Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»:

Տեսանյութեր

Լրահոս