Դավիթ Սարգսյանին բերման ենթարկող ոստիկանն առնվազն երկու անգամ փոխել է զեկուցագիրը, բազմաթիվ փաստաթղթեր են կեղծվել. Հովսեփ Սարգսյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԵՊՀ-ից նախ բերման է ենթարկվել, ապա շուրջ 6 ժամ ապօրինի կերպով, առանց ձերբակալման որոշման քննչական մարմնում է պահվել «168 ժամ» թերթի և 168.am կայքի լրագրող, մեկնաբան Դավիթ Սարգսյանը: Քիչ առաջ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Դավիթը ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով:
168.am-ի հետ զրույցում Դավիթ Սարգսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց՝ և Դավիթ Սարգսյանին, և Ցոլակ Ակոպյանին ձերբակալել են 72-ժամյա ռեժիմով, խուլիգանություն կատարելու կասկածանքով:
«Մեղադրանք դեռ առաջադրված չէ: Այս պահի դրությամբ դեռևս գտնվում ենք Կենտրոնի քննչական բաժնում: Մեղադրանք առաջադրելուց հետո միայն կպարզվի՝ ինչ խափանման միջոց են ընտրում, այսինքն՝ դատարան ներկայացվո՞ւմ է, թե՞ ոչ: Ենթադրում եմ, որ կալանքի միջնորդություն դատարան կներկայացվի, բայց դեռևս որևէ տեղեկություն այդ առնչությամբ մեզ չեն հայտնել»,- ասաց Հովսեփ Սարգսյանը:
Պաշտպանի խոսքով՝ բազմաթիվ փաստաթղթեր են կեղծել:
«Մասնավորապես, բերման ենթարկող ոստիկանության աշխատակիցն առնվազն երկու անգամ փոխել է զեկուցագիրը: Ընդ որում, առաջին անգամ գրել է, որ հարուցվել է վարչական վարույթ, ապա երկրորդ զեկուցագրի մեջ գրել է, որ ԵՊՀ-ի 4-րդ հարկից են Դավիթ Սարգսյանն ու Ցոլակ Ակոպյանը բերման ենթարկվել, այյնուհետև կրկին փոխել է, գրել, որ 5-րդ հարկից է բերման ենթարկել, նաև ականատես է եղել, թե ինչպես են Դավիթն ու մյուսները դռները ծեծում, հանրային կարգը խանգարում, մինչդեռ տեսագրություններում ոստիկանության որևէ աշխատակից չի երևում»,- ասաց Հովսեփ Սարգսյանը: