Abrams տանկերի առաջին խմբաքանակն Ուկրաինա է ժամանել նախատեսվածից շուտ. The New York Times
Ամերիկյան Abrams տանկերի առաջին խմբաքանակն արդեն հասել է Ուկրաինա` նախական գնահատումներից մի քանի ամիս ավելի վաղ, և կարող է օգտագործվել ռուսական ուժերի դեմ Կիևի հակահարձակման գործողություններում։ Այդ մասին հաղորդում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանական գերատեսչության երկու պաշտոնյաների։
Աղբյուրները նշել են, որ առաջիկա ամիսներին ավելի շատ M1 Abrams տանկեր կմատակարարվեն։ Դրանց ստույգ թիվը պաշտոնյաները չեն հայտնել։ ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին խմբաքանակը պետք է բաղկացած լինի տասը տանկից։
Թե՛ ԱՄՆ նախագահը, թե՛ պաշտպանության նախարարն անցյալ շաբաթ հայտնել էին, որ տանկերը կմատակարարվեն մի քանի օրվա ընթացքում։
Իր հերթին Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարը հայտնել է, որ Abrams տանկերը պետք է տեղակայվեն շատ մտածված կերպով՝ հատուկ, լավ պլանավորված գործողություններում օգտագործվելու համար, այլապես ուղղակի առաջնագիծ ուղարկվելու դեպքում կարող են արագ ոչնչացվել։
Դեռ անցյալ տարի դաշնակիցները չէին ցանկանում արևմտյան արտադրության տանկեր տրամադրել Կիևին՝ մտահոգվելով, որ դա կարող է ՆԱՏՕ-ն ավելի ներքաշել ռազմական գործողություններում և ավելի սրել լարվածությունը Ռուսաստանի հետ։
Ռուսաստանն իր հերթին ավելի վաղ նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին` Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Կրեմլում ընդգծել են, որ Արևմուտքի կողմից Կիևին զենքի մատակարարումն ունենալու է բացասական հետևանքներ։