«Մարդիկ հաճախ փորձել են բաժանել աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը դրսից ու ներսից․.. բայց նրանք երբեք հաջողության չեն հասնի»․ Էրիկ Էսրաիլյան
«Մեր սահմանները վերաձեւող կառավարությունները եւ բարբարոսների հրոսակախմբերի ներխուժումները նոր չեն հայ ժողովրդի համար։ Մարդիկ հաճախ փորձել են բաժանել աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը դրսից ու ներսից․.. բայց նրանք երբեք հաջողության չեն հասնի», – գրել է Լոս Անջելեսում բնակվող բժիշկ եւ «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում նոր գրառման մեջ։
Պրոդյուսերը հրապարակել է լուսանկար, որում երեւում է Մասիսն ու Սիսը։ Հրապարակմանը կից նա նշել է․ «Խնդրում ենք կարդալ եւ տարածել: Մեր նախորդ գրառումներն ու Stories-ներն ամփոփում են այն, ինչ կատարվում է հենց հիմա: Ես նկարագրել եմ տարբեր կազմակերպություններ, որոնց կարող եք նաեւ աջակցել մարդասիրական օգնության ու այլ տեսակի աջակցության համար: Այս վերջին լուսանկարն արվել է աշխարհի ամենասուրբ վայրերից մեկում։ Նայեք դրան եւ կողմնորոշվեք ինքներդ: Մեր սահմանները վերաձեւող կառավարությունները եւ բարբարոսների հրոսակախմբերի ներխուժումները նոր չեն հայ ժողովրդի համար։ Մարդիկ հաճախ փորձել են բաժանել աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը դրսից ու ներսից․.. բայց նրանք երբեք հաջողության չեն հասնի: Մեր եկեղեցին մեզ փոխանցվեց ժառանգաբար առաքյալներից, ովքեր նահատակվեցին իրենց հավատքի համար, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը շարունակեց Առաքելական ավանդույթը եւ հիմնեց Հայ Առաքելական եկեղեցին: Վերջերս ես խոր քննարկումների մեջ էի Եկեղեցու առաջնորդների հետ ամբողջ աշխարհից։ Նրանց հավատը չի սասանվել, ոչ էլ իմը։ Այն դարձել է միայն ավելի ուժեղ, ավելի մեծ նպատակասլացությամբ, եւ մեր պարտականությունն է այն փոխանցել հաջորդ սերնդին։ Կարդացեք Հայտնություն 21.4-ը, ինչպես ես արեցի այս կիրակի առավոտյան․.. «Աստված կսրբի բոլոր արցունքները նրանց աչքերից։ Եվ այլեւս մահ չի լինի, ոչ վիշտ, ոչ աղաղակ, եւ այլեւս ցավ չի լինի, քանի որ նախկինն անցել է»: Ես շարունակելու եմ իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անել հայ ժողովրդին ոգեշնչելու համար, աշխատել նշանակալի գործընկերների հետ, ովքեր մեզ հետ են, եւ անտեսել մյուսներին, ովքեր կանգնած են մեր ճանապարհին»։