Բեռլինում հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կառավարությունից կանգնեցնել ԼՂ հայերի ցեղասպանությունը

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում` Բունդեսթագի դիմաց, սեպտեմբերի 23-ին հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կանգնեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպան գործողությունները։ Բողոքի ցույցին մասնակցել են նաև Գերմանիայի մի խումբ քաղաքական գործիչներ, ուսանողներ և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Ձեր մասնակցությունը շատ կարևոր է ՝ ցույց տալու համար, որ մենք արդարություն ենք պահանջում Արցախի այն մարդկանց համար, ովքեր հիմա տառապում են։ Արցախում մարդիկ հայտնվել են թակարդում, և ոչ մի կապ չկա այնտեղի մարդկանց հետ, մենք չգիտենք, թե ինչ է կատարվում ժողովրդի հետ, արդյոք նրանք դեռ ողջ են»,- նշել է բողոքի ակցիայի կազմակերպիչ Լիլիթ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Արցախի ժողովուրդն այսօր ցեղասպանության է ենթարկվում։

«Չկա սննդի, դեղորայքի և այլ կենսական անհրաժեշտության պարագաների մատակարարում, չկա տրանսպորտ։ Արցախահայությունը սովամահության եզրին է, նրանց տները հրթիռակոծվել են, նրանք քնում են դրսում՝ գետնի վրա։ Ադրբեջանը նաև պարբերաբար անջատում է համացանցը, էլեկտրաէներգիա ևս չկա»,- ասել է Լիլիթ Քոչարյանը, հավելելով, որ այս պահին գրեթե անհնար է դարձել կապ հաստատել արցախցիների հետ, որպեսզի հնարավոր լինի գոնե որևէ տեղեկություն ստանալ այնտեղ տիրող իրավիճակից։

Բողոքի ակցիայի մասնակիցները ակնկալում են գործուն և հրատապ քայլեր Եվրամիության առաջնորդներից՝ կանգնեցնելու հայերի ցեղասպանությունը։

«Այս ամենը տեղի է ունենում մեր աչքերի առաջ։ Արցախցիներին սովի մատնելը դանդաղ ցեղասպանություն էր, իսկ հիմա ամեն ինչ ավելի արագ է կատարվում։ Ոչ մի քայլ չի ձեռնարկվում, միայն Ադրբեջանին կոչեր են արվում, մեզ հրատապ քայլեր են անհրաժեշտ»,- ասել է Քոչարյանը։

Ցույցի մասնակիցները պարզել էին նաև «Փրկե՛ք Արցախը», «Կանգնեցրե՛ք Ալիևի ռեժիմին», «Մենք նույնպես արժանի ենք խաղաղ ապրելու», «Կանգնեցրեք՛ ադրբեջանական ագրեսիան», «Կանգնեցրե՛ք արցախահայերի էթնիկ զտումը» պաստառները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930