Բնակարան՝ նորակառույցում, 15 միլիոն դրամ աշխատավարձ. Արամ Հովհաննիսյանի, նրա ՔՊ-ական թեկնածու որդու հայտարարագիրը

Նախկին իշխանության օրոք ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ, ներկայում ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր հերթական հայտարարագիրը։

Մինչ այս տարվա հայտարարագրին անդրադառնալը նախ հիշենք, թե որ պաշտոններում ի՞նչ է հայտարարագրել Արամ Հովհաննիսյանը՝ սկսած 2017 թվականից։

Եվ այսպես,

2017 թվականին նա Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետն էր և հայտարարագրել էր 4 միլիոն դրամ՝ որպես տարեկան աշխատանքի վարձատրություն, 2 անհատական բնակելի տուն, 1 ամառանոց, 1 ավտոտնակ և 1 հասարակական նշանակության շինություն և այգի։ Հայտարարագրել էր նաև փոխառություններ և այլ եկամուտ՝ ընդհանուր 5.5 միլիոն դրամի չափով։

Կարդացեք նաև

2018 թվականին Արամ Հովհաննիսյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետն էր՝ տարեկան 4 միլիոն 973 հազար դրամ աշխատավարձով և 6 միլիոն դրամ այլ եկամուտով։ Ունեցած անշարժ գույքը պահպանվել է։

2019 թվականին Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ՝ ոստիկանությունից ստացած տարեկան 3 միլիոն 861 հազար դրամ աշխատավարձով։ Հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 1 անհատական բնակելի տուն, 3 ամառանոց Արարատի մարզի Լանջազատ գյուղում, 1 այգի և Արտաշատում 1 հասարակական նշանակության տարածք։

2020 թվականին նա նշանակվել է ոստիկանության պետի առաջին տեղակալ և հայտարարագրել ընդհանուր 12 միլիոն դրամ կանխիկ գումար և 300 հազար դրամ՝ որպես եկամուտ՝ ընտանեկան հանգստի համար վարձով տրված տաղավարներից։ Տարեկան աշխատավարձը կազմել է 10 միլիոն 669 հազար դրամ

2021 թվականին Արամ Հարությունյանը, որպես ոստիկանության պետի առաջին տեղակալ, հայտարարագրել է ոստիկանությունից ստացած 15 միլիոն 181 հազար դրամ տարեկան աշխատավարձ և 6 անշարժ գույք։

2021 թվականին Հովհաննիսյանը 4,7 միլիոն դրամ փոխառություն է հանձնել «Սկայ Բիլդինգ» ՍՊԸ-ին՝ 12,87% տոկոսադրույքով, և 42 միլիոն դրամ վարկ՝ «Արդշինբանկից»՝ բնակարան գնելու համար։

Նշենք, որ «Սկայ Բիլդինգ» ՍՊԸ ընկերությունը միավորվել է հանքարդյունաբերության և բնակելի շենքերի շինարարության ոլորտներում հայտնի «ՄԼ Մայնինգ» ընկերությանը, որը պատկանում է Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին։

2022 թվականին նույն պաշտոնում Հովհաննիսյանը հայտարարագրել է ոստիկանությունից ստացած աշխատավարձ՝ 15 միլիոն 181 հազար դրամ։ Ունեցած անշարժ գույքը պահպանվել է։

2023 թվականին որպես Ոստիկանապետի առաջին տեղակալ՝ հայտարարագրել է տարեկան աշխատավարձ՝ 15 միլիոն դրամ՝ ստացված Ներքին գործերի նախարարության Ոստիկանությունից։

Նշենք, որ Ոստիկանությունից աշխատավարձ է հայտարարագրել նաև Արամ Հովհաննիսյանի ավագ որդին՝ Կառլեն Հովհաննիսյանը։

Նա Արարատի մարզի հաշվառման-քննական բաժնի պետն է, հայտարարագրել է 5 միլիոն դրամ տարեկան աշխատավարձ, հողամաս Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում, BMW և Mercedes Benz մակնիշի մեքենաներ և IZH մակնիշի բեռնատար ավտոմեքենա, 2,5 միլիոն դրամ կանխիկ գումար, 1,7 միլիոն դրամ վարկ՝ «Հայբիզնեսբանկից»։

Հավելենք, որ Արամ Հովհաննիսյանի միջնեկ որդին՝ Հրաչյա Հովհաննիսյանը, Արտաշատ համայնքում ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում 11-րդ համարի թեկնածուն էր։

Հրաչյա Հովհաննիսյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ հողամաս և հասարակական նշանակության շինություն, BMW մակնիշի մեքենա, 1 միլիոն դրամ կանխիկ գումար, վարձակալության դիմաց ստացված 1,2 մլն դրամ, 9 միլիոն դրամ վարկ՝ «Հայէկոնոմբանկից»։

Տեսանյութեր

Լրահոս