Կոչ ենք անում Ադրբեջանին վերջապես և մշտապես դադարեցնել ռազմական գործողությունները. Գերմանիայի ներկայացուցիչ
Գերմանիան դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և կոչ է անում Բաքվին մշտապես և վերջանականապես դադարեցնել իր ռազմական գործողությունները։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս մասին հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ՝ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման թեմայով հրատապ նիստի ժամանակ։
Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է, որ չափազանց շատ մարդիկ են արդեն սպանվել ընդամենը երկու օրվա ընթացքում։ Հազարավոր մարդիկ ստիպված են եղել փախչել իրենց տներից։
«Ադրբեջանը ընտրել է ռազմական ուժով տեղում իրավիճակ փոխելու ճանապարհը։ Մենք հաստատակամորեն դատապարտում ենք Բաքվի ռազմական հարձակումը և կոչ անում վերջինիս մշտապես և վերջանականապես դադարեցնել իր ռազմական գործողությունները։ Ի գիտություն են ընդունել հրադադարի մասին ստացված տեղեկությունները, սակայն մեզ անհրաժեշտ է, որպեզի ամբողջովին դադարի բռնությունը։ Ադրբեջանն է կրում պատասխանատվությունը ամբողջովին և լիարժեքորեն պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը, հատկապես երեխաներին, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Էթնիկ հայերի տեղահանությունը և հարկադիր արտագաղթը Ղարաբաղից անընդունելի են։ Այսքանն ասելով հանդերձ, ցանկանում եմ վերահաստատել այս մարմնի նախինում կայացրած մի քանի որոշումները։ Եվ Հայաստանի, և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չպետք է դրվեն հարցականի տակ»- ընդգծել է Բերբոքը։
Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքով ՝ դժվար է պատկերացնել այն տառապանքը և դժվարությունը, որ կրում են Լեռնային Ղարաբաղում բնակվող կանայք, երեխաները և տղամարդիկ ամիսներ շարունակ։
«Բաքվի իշխանությունները փաստացի փակել են Լաչինի միջանցքը և խանութներում դատարկություն է, դեղորայքը սպառվել է, էլեկտրաէներգիան, բենզինը չեն բավականացնում։ Վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ գործընկերների հետ միասին, ովքեր այստեղ ներկա են, մենք ջանք ու եռանդ չխնայելով աշխատել ենք, որպեսզի կարիք ունեցող մարդկանց համար ապահովենք մարդասիրական ծառայությունների և օգնությունների հասանելիությունը, հատկապես` հղիների, երեխաների և տարեցների համար։
Եվ հենց հույսի մեկ նշույլ ի հայտ եկավ՝ մարդասիրական առաքումները թույլ տվեցին հասցնել Լեռնային Ղարաբաղ, Բաքուն կրկին հավաստիացնում էր, որ ձեռնպահ կմնա ուժի գործադրումից, որը նրա կողմից խախտվեց և ահռելի տառապանք պատճառվեց առանց այն էլ ծանր վիճակում գտնվող բնակչությանը»,- շեշտել է Բերբոքը։
Գերմանիայի ԱԳ նախարարն նշել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը արժանի է ապրել անվտանգության մեջ, որ իրենց իրավունքները պաշտպանված լինեն։ Ըստ նրա՝ Լաչինի միջանցքը բաց պահելը կենսական կարևորություն ունի մարդասիրական պատճառներով, ինչպես նաև դա մշակութային և մարդասիրական կամուրջ է Ղարաբաղում ապրող հայերի համար։
«Բաքուն և Ղարաբաղի հայերը պետք է վերադառնան երկխոսության։ Այս հակամարտությունը, որը սկսվել է ավելի քան 30 տարի առաջ, չափազանց մեծաթիվ զոհեր է տվել։ Տարածաշրջանում բնակվողներին անհրաժեշտ է տևական խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դա անհրաժեշտ է նաև մեզ, իսկ դրան կարելի է հասնել բանակցությունների սեղանի շուրջ։
Մենք կշարունակենք դա հստակ հայտնել երկու կողմերին։ Կոչ եմ անում կողմերին վերադառնալ բանակցություններին, որոնց միջնորդը Եվրամիությունն է։ Հիմա է լարվածությունը թոթափելու ժամանակը։
Ցանկանում եմ ընդգծել, որ որևէ երկիր չպետք է ներկայիս իրավիճակը օգտագործի Հայաստանի ժողովրդավարությունը ապակայունացնելու նպատակով։ Լեռնային Ղարաբաղում կանայք, տղամարդիկ և երեխաները և ընդանրապես տարածաշրջանի բնակիչները արժանի են ապրելու առանց բռնության վախի, առանց տներից հարկադրաբար հեռացվելու վախի, առանց իրենց իրավունքներից, լեզվից, կրոնից զրկվելու վախի։ Նրանք արժանի են ապրելու խաղաղության մեջ, ինչպես բոլորս»,- եզրափակել է Գերմանիայի ԱԳ նախարարը։