
«Սոթքում ոչինչ էլ առաջվանը չէ, չենք կարողանում գլուխներս հանգիստ բարձին դնել, գիշերը հեռանում ենք գյուղից, առավոտյան վերադառնում». Սոթքի բնակիչ

«Սահմանապահ Սոթքում երբեք էլ չես կարող լիարժեք ապահով զգալ ու գլուխդ հանգիստ բարձին դնել: Մանավանդ Արցախում տեղի ունեցածից հետո, արդեն սպասելի էր, որ այս ուղղությամբ ևս կրակ էին բացելու: Արդեն վախը մեջներս է»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց սահմանապահ գյուղի բնակիչներից մեկը։
«Քանի որ թոռնիկներս մոտս էին, ես էլ մտավախություն ունեմ, որ թշնամին կարող է գիշերն արկածախնդրություն անել, ապահովության համար նախընտրեցի մինչև որևէ կրակոց լինելը դուրս գալ գյուղից:
Վերջերս էլի լայնածավալ կրակոցներ եղան Սոթքի ուղղությամբ: Ուղիղ իրենց նշանակետում ենք, երբ մտքներով անցնի՝ կարող են կրակել: Իրենք չեն հարցնում՝ երեխա է, տարեց է, թե կին իրենց դիմացը: Կրակում են: Ամեն ինչ էլ հնարավոր է: Չե՞ք լսում լուրերով թշնամու ամպագոռգոռ բառերը»,- վրդովված ասաց մեր զրուցակիցը՝ հայտնելով, որ ադրբեջանական կողմը, հայկական դիրքերի ուղղությամբ կրակահերթեր իրականացնելու հետ մեկտեղ, փորձեր է անում անօդաչու սարքերի միջոցով նկարահանում իրականացնել ՀՀ սահմաններում, ինչը հայկական կողմն անմիջապես կասեցնում է:
Այդուհանդերձ, սահմանային լարումների ֆոնին, գյուղի մի շարք ընտանիքներ գիշերը հեռանում են գյուղից, լույսը բացվելուն պես՝ վերադառնում իրենց տները:
«Ամեն մարդ իր գլխի ճարը տեսնում է: Այսօր արդեն մեր տուն են մտնում: Հասկանո՞ւմ եք: Եթե իրենք կարողացան ընդամենը 1 օրում մտնել Արցախ, ապա մեր տուն մտնելն իրենց համար ընդամենը 5 րոպեի հարց է: Ովքեր միջոցներ ունեն, արդեն իսկ երկու տեղում են ապրում, այսպես ասենք՝ գալիս- գնում են»,- ասաց նա:
168.am-ի զրուցակիցը նաև հայտնեց, որ գյուղում ապրուստ վաստակելը վերջին շրջանում կրկնակի բարդացել է տեղի բնակիչների համար:
Նրա խոսքով՝ քանի որ սահմանը բավականին մոտ է արոտավայրերին, անասուններին հիմնականում հանդ չեն հանում: Վտանգավոր է: Գերադասել են անասունների հիմնական մասը վաճառել:
«Եթե բնակիչները պահում էլ են անասում, ապա 1 հատ, ո՛չ ավելի: Հիմա էլ առաջվա պես չէ: Նախկինում էլի կաթ է, պանիր է, ամեն ինչ էլ ունեին: Արտադրում էին, մի մասն էլ վաճառում ու իրենց ապրուստը վաստակում էին: Հիմա դրանից էլ են զրկվել: Ամեն պահի կարող են կրակել: Հետո, հովիվ չկա: Այդ ո՞ր մի հովիվը ռիսկի կդիմի, անասուններին կտանի արոտավայր: Ով կարողանում է, այսօր իր ունեցած մի հատ անասունին իր բակում է պահում, ինքը կերակրում է, ինքը ջրում է»,- ասաց նա:
Ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետևանքով, Սոթքի հանքավայրի փակվելուց հետո, գյուղի բնակիչների մեծամասնությունը զրկված է նաև ապրուստը վաստակելու աշխատանքի հնարավորությունից:
«Եթե Սոթքի հանքում այն ժամանակ գյուղի բավականին մեծաթիվ բնակիչներ էին աշխատում, ապա հիմա այնտեղ, բնականաբար, որևէ մեկն աշխատելու հնարավորություն չունի: Անասուններն էլ վաճառել են, ապրուստի այդ միջոցն էլ արդեն չկա: Հողամասն էլ, բնականաբար, մշակելով որքա՞ն ժամանակ կարող ես ընտանիք պահել: Եղանակը մի տարի լավ է լինում, մի տարի վատ է լինում կամ բերքը վնասվում է:
Հույսդ բերքատվության վրա դնելն անիմաստ է, չես իմանա՝ ինչ կլինի: Մի խոսքով՝ շատ վատ վիճակ է: Մեր հայ ազգն այսօր չգիտեմ՝ ինչ կարգավիճակում է արդեն: Հույս չկա, որ այսպես շարունակվելու դեպքում, դեպի լավը կգնանք: Լավ բան չեմ տեսնում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Նազելի Ստեփանյան