
Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածների թիրախավորման պատճառով ԼՂ-ում ստեղծվել է հումանիտար աղետ. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը՝ ամփոփելով մարդու իրավունքների վիճակի առնչությամբ աշխատակազմի իրականացրած մշտադիտարկման արդյունքները, արձանագրում է. Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածների թիրախավորման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հումանիտար աղետ: Այս մասին նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։
«Մասնավորապես՝
կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում (ներառյալ երեխաներ)
բազմաթիվ մարդկանց ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ չկան, նրանց թվում են՝ կանայք, երեխաներն ու տարեցները
ընտանիքները բաժանված են: Ադրբեջանական հրետակոծությունների պատճառով մարդիկ ստիպված լքել են իրենց տներն ու բնակավայրերը
խափանված է կապը ինչպես Լեռնային Ղարաբաղի ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ
կաթվածահար է եղել առողջապահական համակարգը, մարդիկ զրկված են նույնիսկ առաջին բուժօգնություն ստանալու հնարավորությունից
մարդկանց հիմնարար իրավունքները համատարած խախտվում են, այդ թվում՝ խաղաղ պայմաններում արժանապատիվ ապրելու, երեխաների կրթություն ստանալու, առողջության պահպանման և այլն»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ադրբեջանն իրագործում է ցեղասպան քաղաքականություն: «Այդ երկրի զինված ուժերի գործողությունները, պաշտոնական հայտարարությունները, ԶԼՄ-ների հրապարակումները, ինչպես նաև սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի գրառումները բացահայտ վկայում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական իշխանությունների մտադրության մասին»,- հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից՝ հավելելով, որ մշտադիտարկման գործընթացը ՄԻՊ աշխատակազմը շարունակում է: